Մահվան ելքով կրկնակի վրաերթ Պռոշյան գյուղում. մահացածը հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում

Մահվան ելքով կրկնակի վրաերթ Պռոշյան գյուղում. մահացածը հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ford Focus մակնիշի ավտոմեքենայի կողմից հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել։

Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է հետիոտնի մահը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանը, Տիգրան Բունիաթյանն ու Էդուարդ Աղաբեկյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ մահացածը վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում։

ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․Շամշյանի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդներն էլ դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։