Մահացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը

Հուլիսի 10-ին 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943 թ. հունվարի 15-ին ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։

Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում:  Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։

1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։