Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Սրտի կաթվածից մահացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան։ Այս մասին հայտնել է նրա իրավաբանը։

60-ամյա Մարադոնան վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ ուներ և վիրահատության էր ենթարկվել։ Մարադոնայի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել:

Դիեգո Արմանդո Մարադոնան 17 տարի՝ 1977-94 թվականներին խաղացել է Արգենտինայի ազգային հավաքականում, որի կազմում չորս անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին՝ 1986 թվականին նվաճելով աշխարհի գավաթը:

Լեգենդար ֆուտբոլիստը հանդես է եկել արգենտինական «Արգենտինոս Խունիորս», «Բոկա Խունիորս», իսպանական «Բարսելոնա», իտալական «Նապոլի» և այլ ակումբներում:

Մարադոնան հարյուրավոր գոլերի հեղինակ է դարձել միջազգային հեղինակավոր մրցաշարերում և ակումբային առաջնություններում:

Ֆուտբոլիստի կարիերային հաջորդել է Մարադոնայի մարզչական աշխատանքը, այդ թվում 2008-2010 թվականներին նա գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը: