Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը

Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.):

Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հանգուցյալները իրենց ողջ կյանքում, բացի Ստամբուլում բժշկական կրթություն ստանալու տարիներից, ապրել են Ալթընօրդուում և մասնագիտության բերումով շփվել շրջանի բնակչության հետ՝ նրանցից շատերին օգնելով առանց դրամական փոխհատուցման:

Դոկտոր Տիգրան Թորամանը 25 տարի եղել է նաև «Օրդուսփոր» ակումբի բժիշկը՝ ըստ թուրքական աղբյուրի այդ պարտականությունները կատարելով բոլորովին անվճար:

Շրջանում եկեղեցի ու հոգևորական չլինելու պատճառով երկուսի հոգեհանգստի արարողություններն էլ կատարվել են թաղմասի մզկիթում, իսկ հուղարկավորության արարողությունը կատարվել է մուսուլման հոգևորականի մասնակցությամբ:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Պոլսի հայոց պատրիարքարանը՝ նշելով, որ իրենց տեղեկություն չի տրամադրվել հայ քաղաքացիների մահվան վերաբերյալ և միայն մամուլից են իմացել կատարվածի մասին:

Նշվել է նաև, որ տեղեկանալու դեպքում իրենց հոգևորական կգործուղեին Օրդու՝ հանգուցյալների հոգեհանգստի արարողությունն իրենց կրոնի կանոններով անցկացնելու համար: Հայտարարության մեջ տեղեկացվել է նաև կիրակի օրը Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սբ. Վարդանանց եկեղեցում հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ անցկացնելու մասին: