Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակի» իր մասնաբաժինը

Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակի» իր մասնաբաժինը

Hraparak.am-ը գրում է․ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը։ Մեզ հետ զրույցում Մակեյանն ասաց, որ Փաշինյանի հետ որևէ տեսակի առնչություն ունենալ չի ցանկանում այլևս, հետևաբար՝ վաճառում է իր մասնաբաժինը․

«1996-97 թվականներին, երբ մենք, լինելով իշխանության մեջ, լուսահոգի Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ դուրս եկանք իշխանությունից՝ «Հանրապետություն» միավորումից, ձևավորեցինք հայրենիք պատգամավորական խումբը, 1997 թվականին մենք ձևավորեցինք և ստեղծեցինք նաև «Հայկական ժամանակ» թերթը։

1999 թվականին Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթը երբ դատական գործընթացների մեջ էր ընկել, Փաշինյանը դիմել էր մեր կուսակցությանը, որ տայինք մեր թերթը, որպեսզի ինքը կարողանա հրապարակումներ անել և պաշտպանվել այդ պայքարում, և մենք թերթը ժամանակավոր հանձնեցինք Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակման։

Երբ Եգորյանը մահացավ 1999 թվականին, մենք որոշ մասնաբաժիններ թողեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ որոշն էլ` մեր խմբի տարբեր մարդկանց։ Տարիների ընթացքում այդ սեփականության իրավունքը տրվեց Նիկոլ Փաշինյանին, ինձ մնաց միայն 10 տոկոսը։

Այս փուլում, բնականաբար, ես մարդկայնորեն չեմ կարող գործ ունենալ մի մարդու հետ, որը երկիրը հասցրել է այս վիճակին, ուստի դիմել եմ սեփականատիրոջը՝ իմ փայաբաժինը վաճառքի հանելու համար։ Արդեն անցել է մոտ 2 ամիս ժամանակ, և, բնականաբար, այլ գնորդների կառաջարկեմ այդ մասը գնել, որովհետև այլևս որևէ ձևով առնչվելը ինձ համար ընդունելի չէ»,- ասաց Մակեյանը։

Նրան հարցրինք, թե Փաշինյանից ի՞նչ արձագանք է ստացել, երբ տեղեկացրել է մասնաբաժինը վաճառելու մասին, Մակեյանը պատասխանեց․

«Ես գրավոր եմ դիմել, պատասխանը չեմ ստացել, դա նշանակում է, որ ինքը չի արձագանքում, բայց օրենքով ես ունեմ իրավունք` այն հանել վաճառքի։ Քանի որ ինքը իշխանության մեջ է, դա բավականաչափ օգտաբեր գործարք կլինի գնորդի համար»։