Ձերբակալվել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության կասկածանքով 49-ամյա հետախուզվողը

Ձերբակալվել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության կասկածանքով 49-ամյա հետախուզվողը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից, ով կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա թաքնվելու վայրը պարզելու համար հսկայածավալ աշխատանքներ են կատարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները և երբ համոզված են եղել նրա գտնվելու վայրի մասին, արդեն համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ՝ կատարել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ Վ. Թումանյանն ինքնակամ ներկայացել է ՌԴ-ում տեղի իրավապահներին։

Երեկ՝ ապրիլի 26-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Վ. Թումանյանը տեղափոխվել է Հայաստան և օդանավակայանից նրան տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրա հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։