Հրշեջները մեկուկես ժամ է պայքարում են «Դալմա Մոլ»-ի ետնամասում առաջացած կրակի դեմ

Հրշեջները մեկուկես ժամ է պայքարում են «Դալմա Մոլ»-ի ետնամասում առաջացած կրակի դեմ

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի մի քանի մարտական հաշվարկ պայքարում են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում առաջացած կրակի տարածման դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:35-ի սահմաններում ահագանգ է ստացվել ԱԻն ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված վայրում այրվում է խոտածածկույթ և աղբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ կրակի տարածումը կանխել են, սակայն մարման համար դեռ աշխատում են: Հրշեջների աշխատանքը խոչընդոտվում է քամու պատճառով: Արդեն մի քանի անգամ հրշեջ մեքենաները ջուր են լիցքավորել և հետ եկել:

Կրակի առաջացման հիմնական պատասխանատուն «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն են: Մի քանի անգամ հրշեջները նրանց սարքած «շիլաշփոթի» հետևանքով առաջացած հրդեհների դեմ պայքարել են:

Սա առաջին դեպքը չէ, որ հրշեջները գալիս են նշված վայր ու մարում կրակը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սիրում է մեջբերումներ անել եվրոպական երկներից, թե ինչպես են հանրահայտ առևտրի կենտրոններում պահպանվում տարրական պայմանները, մինչդեռ, եթե մի օր քաղաքապետը այցելի նշված վայր (լավ կլիներ՝ հիմա այստեղ լիներ ու շնչեր այն թունավոր ծուխը, որի պայմաններում հրշեջները կենացմահու պայքար են տանում), կնախատեր «Դալմա Գարդեն Մոլ»-ի սեփականատերերին, որ նման փնթի աշխատանքներ են կատարում՝ իրենց աղբը կուտակելու և հեռացնելու ուղղությամբ:

Մեր որոշ չինովնիկներ սիրում են միշտ մեջբերեն եվրոպական բարքերն ու եվրոպական օրենքները, մինչդեռ այդ երկրներում նման ձևի աշխատանքներ եթե անեին առևտրի կենտրոնում, ապա ժամերի ընթացքում այն կփակվեր՝ մինչև չկարգավորեին խնդիրները, իսկ այս դեպքում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի համար թիվ 1 խնդիրը պետք է լինի ոչ թե առևտրի կենտրոնի աշխատակիցների հաշվին իրենց թափանները լցնելը, ալյ կարճ ժամանակում վերացնեն իրենց կողմից ստեղծված այդ աղբը, որը ամեն պահի կարող է նորից կրակի մատնվել: