«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին, որն ուժի մեջ է մտնում հունիսի 26-ից:

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը այդ փաթեթի վերաբերյալ: Բացի այդ, ֆրակցիաներից մեկը (ԼՀԿ) Սահմանադրության երաշխավորման, պառլամենտին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտես ինչու, կապել է Քոչարյանի գործի քննության հետ:

Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները:

Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին:

Ռ․ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- հայտնեց Օրբելյանը: