Մամուլ

Հողին հանձնեցին 19-ամյա Նարեկ Գրիգորյանին

MediaHub-ին քաղաքացին նշեց՝ ոչ մի պետական պաշտոնյա չկար Նարեկ Գրիգորյանի հուղարկավորությանը: Ասում են՝ գյուղապետը երեկվանից բոլորին հրահանգում-համոզում է, որ հանկարծ իշխանության, պաշտպանության նախարարի կամ այս շարքից մնացած անձանց հասցեին մարդիկ ոչինչ չասեն, չմեղադրեն, պնդում է՝ «մեղավորները կպատժվեն»… ինչին ոչ ոք չի հավատում:

Նա նեղսրտեց,  որ չկային նաև ընդդիմության ներկայացուցիչները. «Անընդհատ ասում են՝ ամեն զինվորի կյանք թանկ է, այս իշխանությունը բանակը կազմաքանդ է անում, որ զինծառայողները չեն գնահատվում, որ պարեկը այս իշխանության համար ավելի կարևոր է, քան սահման պահողը….

Ինչո՞ւ նրանցից մեկը չեկավ, չցավակցեց, ինչպես անում էին 2020 թվականի պատերազմի օրերին: Մենակ խոսլավ չի էլի»,- հավելեց մեր զրուցակիցը:

«Աշխույժ, ընտիր երեխա էր, օգնող, փոքրուց աշխատել է, ընտանիքի հոգսը փորձել թեթևացնել, անգամ դպրոցը չի ավարտել: Համեստ ընտանիքի համեստ երեխա էր»,- ափսոսանքով նշում են համագյուղացիները:

Ապա նեղսրտում՝ աղքատը ոչ մեկին պետք չէ, «հրես՝ ո՞ւր են, ոչ ոք չեկավ, բացի համագյուղացիներից ու զինծառայողների ծնողներից ո՞վ եկավ էրեխուն ճամփի: Ոչ ոք»:

Մինչդեռ, հիշեցնում են նա, սա ողբերգություն է՝ 19-ամյա մատղաշ, կյանքի համը դեռ չզգացած երիտասարդին հողին հանձնելը, հետն էլ դեպքը տեղի է ունեցել հենց Ռազմական ոստիկանության տարածքում։ «Այսինքն՝ անտե՞ր են երեխեքը, տեր կանգնող չկա՞, ոնց էլի…»,- չեն հասկանում մարդիկ:

Կիսվեք էջում