ՀՅԴ-ն միշտ էլ Քոչարյանի ձեռքի սև գործիքն է եղել. Հիմա նրանց մոտ խուճապ է․ Հակոբ Հակոբյան

ՀՅԴ-ն միշտ էլ Քոչարյանի ձեռքի սև գործիքն է եղել, հիմա նրանց մոտ խուճապ է: «Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, «7»-ի գործով անցած քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ):

– Պարոն Հակոբյան, վերջին օրերին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում: Նախ՝ մի խումբ ՀՅԴ-ականներ ակտիվիստի ծեծեցին, ապա սկսեցին բռնության կոչեր հնչեցնել: Դրան հաջորդեց վարչապետ Փաշինյանի կոշտ արձագանքը՝ բռնության կոչեր հնչեցողներին տալ ոչ թե թավշյա, այլ երկաթյա պատասխան: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ են ձգտում այդ «սև» ուժերը:

– Իրենք հոգեբանական գրոհի են դիմել: Ուզում են ժողովրդին լարել, տրամադրել կառավարության դեմ: Ես, որպես կամավորական զինվոր, կարծում եմ, որ իրենց քայլի դեմ իրենց ձևով պետք է պատասխանել: Իրենք խորամանկ քայլեր են նախաձեռնել՝ փորձելով համախմբել նաև Ղարաբաղում գտնվող ուժերին: Կոնտրքայլերով փորձում են երկրում ապակայունացնել իրավիճակը:

– Ո՞վ է մեծապես շահագրգռված այդ ամենում, պարոն Հակոբյան:

– Ես համոզված եմ, որ այդ ամենի հետևում կանգնած է բացառապես Ռոբերտ Քոչարյանը: Եթե տեսնենք, թե ովքեր են այդ կոչեր հնչեցնողները, ովքեր են նրանց պաշտպանողները, ամեն բան հասկանալի կդառնա: Ոչ ոք ինքնագլուխ նման գործողություններ չէր ձեռնարկի: Ես այս հարցում ոչ մի ուրիշ ուժ չեմ տեսնում՝ բացի Քոչարյանից: Իսկ Դաշնակցությունը միշտ էլ Քոչարյանի ձեռքի սև գործիքն է եղել: Քոչարյանը միշտ էլ այդ ուժը օգտագործել է իր սև գործերի համար: Իրենք այդկերպ փորձում են ժողովրդին կտրել այսօրվա իշխանություններից ու կոնտրքայլեր ձեռնարկել, վարկաբեկել այսօրվա իշխանություններին, բայց դա չի ստացվի իրենց մոտ, քանի որ ոչ մի ժողովուրդ չի կարող կանգնել մեկի կողքին, մի ուժի կողքին, որը վարկաբեկված է: Իրենց վրա այնպիսի կեղտ կա փաթաթված, որ դա անհնար է մաքրել՝ սկսած Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից, վերջացրած Հենրիկ Խաչատրյանի սպանությամբ: Ժողովուրդը լավ գիտի՝ ով են իրենք, ինչի են ընդունակ: Իրենք ամեն ինչի հետ կապ ունեն:

– Նկատի ունեք Քոչարյանին ու ՀՅԴ-ի՞ն:

– Այո: Մարդկանց հիշողությունը շատ թարմ է: Բոլորն էլ հիշում են՝ երբ Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, ովքեր էին կանգնած նրա հետևում: Հիմա իրենք, տեսնելով, որ այդ գործերը բացահայտվում են, խուճապի են մատնվել, փորձում են քայլեր ձեռնարկել, որ խառնեն վիճակը, որ այդ ալիքը չհասնի իրենց:  Տեսնում ենք, հիմա էլ ապրիլյանի մասով է քննություն գնում, կտեսնեք, թե ինչքան բան է բացահայտվելու: Եվ իրենց մոտ այդ խուճապը մի բանի մասին է խոսում՝ փորձում են խանգարել, խառնել, որ իրենց չհասնեն: Ուրիշ բան իրենք չունեն անելու:

– Պարոն Հակոբյան, ո՞ր պահից իրենք կարող են հաջողություն ունենալ, և վարչապետի ասած՝ երկաթյա հակահարվածը, Ձեր կարծիքով, բավարա՞ր է: Ի՞նչ է դա ենթադրում:

– Վարչապետը պարտադիր պետք է քայլեր ձեռնարկի: Իրենք չեն կարող ոչ մի հաջողություն ունենալ: Իրենց բոլոր գործողությունները դատապարտված են անհաջողության: Իսկ եթե ուժային կառույցները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, հաստատ համոզված եմ՝ ժողովրդի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր դրանց պարզապես կգտնեն ու կսատկացնեն: Իրենք իրենցից մի բան չեն ներկայացնում: Ես վստահ եմ՝ եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն:

– Իսկ հենց դա չի՞ արդյոք ապակայունացումը, երբ սկսում է գործել «սամասուդի» կանոնը:

– Ես դա պայմանական եմ ասում: Ես վստահ եմ, որ վարչապետի տված հանձնարարականը շատ հստակ էր, ու ԱԱԾ-ն, ոստիկանությունը շատ արագ կոնկրետ գործողություններ կձեռնարկեն և թույլ չեն տա, որ մենք ինչ-որ քայլ ձեռնարկենք, քանի որ մեր հնարավորություններին շատ լավ ծանոթ են: Բայց ինչ քայլ էլ ձեռնարկեն, դրանք պետք է շատ խիստ լինեն:

– Պարոն Հակոբյան, Մարտի 1-ի սպանությունների գործով առաջին ձերբակալությունն ու կալանավորումը եղավ: Բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է: Այս պրոցեսը Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է, որ Մարտի 1-ի գործն ամբողջական կբացահայտվի:

– Ես համոզված եմ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի: Ուղղակի այս ամենում մի կարևոր մարդ կա, դերակատար կա, որը, զարմանում եմ, ինչու որևէ կարգավիճակ չունի: Ինչ կատարվել է, Աղվան Հովսեփյանի ձեռքով է կատարվել, նա է հրահանգ տվել փամփուշտները կեղծել, գործը կեղծել, ամեն ինչ փոխել: Իրեն հենց ձերբակալեն, ամեն ինչ շատ արագ կբացահայտվի: Ինքն ամեն ինչ գիտի, գիտի, թե որ օլիգարխը ինչքան մարդ էր բերել, գիտի՝ ով է հրաման տվել կրակել: Պարզապես չեմ հասկանում, թե ինչու են ձգձգում նրա ձերբակալությունը: Բայց վստահ եմ՝ դա էլ կլինի շուտով:

Աղբյուր՝ 1in.am