«ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ». Արթուր Ղազինյան

«ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ:

Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այսցի հետ կապված մի քանի հարցերի:

Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու համար ՀՀ կառավարությունը խնդրում է լրացուցիչ 30 օր ժամանակ, այսինքն պատասխանը կարելի է ակնկալել դեկտեմբերի 27-ին:

Փաստորեն, մեր կառավարությունում չգիտեն, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել այս պատկառելի կազմով իրականացված այցելությունը և որքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից այն կազմակերպելու համար:

Հարկ է նշել, որ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում բացի արարողակարգային հանդիպումներից չի ստորագրվել ոչ մի միջպետական համաձայնագիր, և հանրությանը տրամադրված տեղեկատվությամբ, ձեռք չեն բերվել ոչ մի շոշափելի պայմանավորվածություններ:

Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ այս պաշտոնական այցը կրել է ճանաչողական և զբոսաշրջային բնույթ, այն կարելի է համարել ամբողջովին տապալված, իսկ պետական բյուջեից այս այցելության համար ծախսված միջոցները` աննպատակ և վատնված:

Այցի ֆինանսական բաղադրիչի պարզաբանման նպատակով այսօր կներկայացնենք առավել կոնկրետ հարցում, պարզելու համար թե ՀՀ հարկատուների միջոցների հաշվին որքան գումար է ծախսվել այս տուրիստական շրջագայությունը կազմակերպելու համար:

Վերջում հավելենք, որ.
«Հայաստանն իմ տունն է,
Ժողովուրդն իմ ընտանիքը,
ՀՀ բյուջեն իմ ընտանեկան բյուջեն է, ինչպես կուզեմ, այնպես էլ կծախսեմ»»: