ՀՀ ՊՆ-ն հայ զինծառայողների կողմից Ադրբեջանի սահմանը հատելու մասին

ՀՀ ՊՆ-ն հայ զինծառայողների կողմից Ադրբեջանի սահմանը հատելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ն, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։

Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։