ՀՀ-ում այդպիսի մարդ չկա, որ կարա ինձ համար բան առնի, նվեր տա. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում այդպիսի մարդ չկա, որ կարա ինձ համար բան առնի, նվեր տա. Ալեն Սիմոնյան։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ  իր խոսքով ասած՝ «ջուր տարած թեմային»: Խոսքը՝ իր ապօրինի հարստացման լուրերի մասին է:

«Արդեն երկար ժամանակ է խոսվում է նրա մասին, որ ես իբր ապօրինի հարստացել եմ, որ ես ձեռք եմ բերել կամ նվեր եմ ստացել մեքենա եւ այդ թեման շահարկվում է յուրաքանչյուր դեպքում: Ես հասկանում եմ, որ իմ խաչը ծանր է, որովհետեւ ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմի գրեթե բոլոր հարցերի շուրջ եւ հաճախակի հարվածը հենց ինձ վրա է գալիս»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանն հերքեց իր հասցեին հնչած վերջին մեղադրանքը, որը «Իրազեկ քաղաքացի միավորում» կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էր հնչեցրել՝ ասելով, որ  ԱԺ փոխնախագահը ապօրինի հարստացել է:

«Նա ինձ մեղադրում էր 7 մլն ապօրինի հարստանալու մեջ: Դա սուտ է եւ ճշմարտությանը չի համապատասխանում: Նա նաեւ ասում էր, որ ես չեմ հայտարարագրել նախկին մեքենաս, այլ հայտարարագրել եմ նոր մեքենաս: Ամեն ինչ այնպես է, ինչպես ես միշտ ասել եմ: Ես վաճառել եմ իմ մեքենան 11 հազար 500 դոլարին համարժեք դրամով եւ գնել եմ նոր մեքենա՝ 25 հազար 500 դոլարին համարժեք դրամով:

Այն ժամանակ իմ միջոցները չեն բավականացրել եւ ես դիմել եմ այն բանկին, որտեղ տարիներ շարունակ հաշիվ եմ ունեցել եւ խնդրել եմ, որ ինձ վարկային գիծ բացեն,  Overdraft Դանիել, Overdraft: Բացել են վարկային գիծ»,- նշեց Ալեն Սիմոնյանը եւ ցուցադրեց փաստաթուղթը:

Ալեն Սիմոնյան

Պարոն Սիմոնյանը  կոչ արեց, որ այսուհետ որեւիցե մեկը չհամարձակվի վարկաբեկել, անուն կպցնել եւ ասել, որ ինչ-որ մեկն իրեն մեքենա է նվիրել կամ մեքենա է առել.

«ՀՀ-ում,  որեւիցե տեղ աշխարհում, այդպիսի մարդ չկա, որ կարա ինձ համար բան առնի, նվեր տա նման ձեւով: Ես եղել եմ մշտապես ապահովված ընտանիքից, մշտապես մեքենա եմ ունեցել, մշտապես իմ վարկը, իմ մաքրությունը, իմ պարզությունը, իմ անկեղծությունը եղել է իմ այցեքարտը: Չփորձեք նման բաներ անել»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ քաղաքական միտում է տեսնում:

ԱԺ փոխնախագահը ակնկալում է, որ Դանիել Իոաննիսյանը եւ Fip.am- Sut.am կայքը կհերքեն տարածած տեղեկությունը: