ՀՀ իշխանությունն ուզում է սկսել «ֆիրմային» անվանումներով գինիների գրանցումը

ՀՀ իշխանությունն ուզում է սկսել «ֆիրմային» անվանումներով գինիների գրանցումը

Sputnik Արմենիան գրում է․ ՀՀ կառավարությունը պաշտպանված աշխարհագրական նշումներով գինիների գրանցման մասին օրինագիծ է մշակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նման գինիները համաշխարհային շուկայում ավելի մեծ արժեք ունեն, քան սովորականները և հավասար որակի դեպքում հավելագնով են վաճառվում, որովհետև որակից բացի, ունեն առանձնահատկություն` ներկայացնում են տվյալ երկրի կամ տարածաշրջանի ավանդույթները։

Օրինակ` ԵՄ-ում տեղական գինիները աշխարհագրական նշումով 2,85 անգամ թանկ արժեն, քան առանց նշումի, իսկ սննդամթերքը` 1.5 անգամ թանկ։Նման գինիների գրանցման հնարավորությունը ներդրվել էր դեռևս 2008 թվականի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին” օրենքում» Այժմ նման գինիների գրանցման համար վերջապես կոնկրետ ընթացակարգեր են մշակվում։

կարմիր գինին

«Մենք արդեն կազմել ենք օրինագիծ, որն այժմ քննարկման փուլում է։ Այնտեղ նկարագրված են բոլոր գործընթացները, որոնք պետք է անցնել այդ գինիների գրանցման համար», – հավելեց Խոջոյանը։

Նման գինիների ու դրանց իսկության նկատմամբ վստահությունն ավելի կմեծանա, երբ Հայաստանը ավարտի հանրապետության բոլոր խաղողի այգիների քարտեզագրումը` աերոնկարահանման տվյալներով։ Նման աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են Արարատյան դաշտավայրի (Արտաշատի և Արարատի մարզ) և Արագածի նախալեռների (Արագածոտնի մարզ) համար։

Մինչև տարեվերջ նկարահանումներ են նախատեսվում նաև Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։Պաշտպանված աշխարհագրական անվանումով գինիների գրանցումն ու ԵԱՏՄ-ում այդ գրանցման ճանաչումը թույլ կտան արտոնություններ ստանալ, որոնք Ռուսաստանը կիրառում է պաշտպանված աշխարհագրական նշումով տեղական գինիների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում