ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով․ նախագիծ

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով․ նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:

Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:

Օրենքի նախագծով առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:

Նախագիծը կքննարվի մինչև նոյեմբերի 6–ը։