ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում: Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր   ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: