ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ:

Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:

Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:

Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն

կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: