«Հերոս» Սերժ Սարգսյանից՝ Ձախ Հարութի համերգի լայվ ապահովող Նիկոլ Փաշինյան․ այս ո՞ւր ենք գլորվում

«Առաջին լրատվականը» գրում է․ «Հերոս» Սերժ Սարգսյանից՝ Ձախ Հարութի համերգի լայվ ապահովող Նիկոլ Փաշինյան․ այս ո՞ւր ենք գլորվում։ Անունդ ոսկետառ կմնա դարեդար, հերոս մեր արդար․ այս բառերով է վերջանում Ռազմիկ Ամյանի ու Ավետ Բարսեղյանի երգը՝ ձոնված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ավելի շուտ՝ նրա 65-ամյա տարեդարձին։

Երեկ Սարգսյանի 65-ամյա տարեդարձն էր, ինչը Ֆեյսբուքում դարձել էր հեղափոխականների ու հակահեղափոխականների «գաղափարական» պայքարի հերթական առիթը։ Խոսքս վերաբերում է «պաթոսով» շնորհավորողներին ու «հեղափոխական» անիծողներին։

Հասարակությունն ավելի բազմաշերտ ու հետաքրքիր է, քան՝ «սև» ու «սպիտակ» գույները։ Բոլոր ղեկավարները կարող են ունենալ շնորհավորողներ ու անիծողներ։ Սա ճշմարտություն է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույնպես մարդիկ են, որոնք ունեն ծննդյան օրեր ու կարող են ստանալ շնորհավորանքներ։ Տարվա մյուս օրերին նրանց ավելի շատ օբյեկտիվորեն քննադատելու են, որովհետև երկրի վիճակը վիճակ չէ, իսկ դա այդպես է նրանց քաղաքականության հետևանքով։

Լավ կլիներ, որ այնպիսի հասարակություն ու քաղաքական համակարգ, քաղաքական առաջնորդներ ունենայինք, որ շնորհավորեինք բոլոր նախկին ու ներկա ղեկավարների տարեդարձերն՝ առանց քաղաքական ենթատեքստի։ Իսկ իդեալական կլիներ, եթե մեր հասարակությունն այնքան ինքնաբավ ու բարեկեցիկ կյանքով ապրեր, որ անգամ ժամանակ չունենար «նկատելու» առաջնորդների տարեդարձերը։ Տարեդարձն, ի վերջո, անձնական, ընտանեկան տոն է ու այն որևէ պարագայում չպետք է դառնա առիթ, որի միջոցով ֆետիշացվի ավտորիտար կառավարումը։ «Վոժդիզմը» արատավոր երևույթ է, որն անձին վեր է դնում համակարգերից, հասարակությունից, անգամ՝ պետությունից։

Սակայն վերադառնանք Սարգսյանի տարեդարձին։

Նույնիսկ շնորհավորանքներն ու անեծքները կարող էին նորմալ ընկալվել, բնութագրել մեր այսօրվա հասարակությանն՝ արժեքների ու գնահատման ոչ այնքան բարձր չափանիշներով, եթե այդ ամենի «վերջաբանը» չլիներ վերը բերված երգը, որն իրականում մի ամբողջ թիմի մտածողություն է, արժեհամակարգ, հասարակության նկատմամբ ատելության ու ինքանասիրահարված ցինիզմի դրսևորում։ Համոզված եմ՝ Սերժ Սարգսյանն ու նրա անմիջական շրջապատը կանխավ տեղեկացված են եղել այս երգի, նրա ստեղծման մասին․ այլ բան մեր քաղաքական մշակույթը, որը խարսխված է անձանց ֆետիշացնելու կամ ատելու վրա, չի կարող ենթադրել։

Ուրեմն՝ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն փոխվել, չեն կարող փոխվել, եթե նույնիսկ հեղափոխությունից անցնի ոչ թե մեկ, այլ՝ հինգ, տասը տարի։ Նրանք երբեք չեն կարող ունենալ ադեկվատություն, իսկ հանրապետական «մատահոգության» առիթն ոչ թե երկիրն է, այլ՝ նրանց անփառունակ վիճակը՝ քաղաքական ներկայի, հեռանկարի իմաստով։ Տղերքը ոգևորվել են, անտեղի էյֆորիայի մեջ են ընկել այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշն անկում է ապրել ու թյուրիմացաբար մտածել են, որ եկել է իրենց վերադարձի ժամանակը կամ առնվազն՝ այդ ժամանակը չափազանց մոտ է։

Պատահական չէ, որ ՀՀԿ նույնիսկ ամենաադեկվատ գործիչներից մեկը՝ Արտակ Զաքարյանն, օրեր առաջ մի հարցազրույցում բառացիորեն ասել էր․ «Ես Ձեզ մի բան վստահաբար կարող եմ ասել․ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կերպարը, որպես քաղաքական գործիչ, հասարակության արդեն շատ շերտերի մոտ աստիճանաբար նորից դրական կերպով վերադառնալու է: Որովհետև մեր հասարակությունը խարիզմատիկ լիդերի անհրաժեշտություն ունի, իսկ Սերժ Սարգսյանը իր ամբողջ կենսագրությամբ լիարժեք համապատասխանում է էդ խարիզմատիկությանը»:

Ողբերգություն է, որ տասն ու ավելի տարիներ երկիրը ղեկավարած քաղաքական թիմը՝ նույնիսկ իշխանությունից զրկվելուց հետո, չի հասկացել անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների էությունը։ Հեղափոխության տասնյակ հազարավոր մասնակիցներին միավորել էին ոչ թե արժեքները կամ Նիկոլ Փաշինյանի խարիզման, այլ՝ ատելությունը այն համակարգի նկատմամբ, որի հրապարակային դեմքը դարձել էր Սերժ Սարգսյանը։ «Մեժենք Սերժին»-ը հեղափոխության միակ աշխատող բանաձևն էր ու կենսունակ է նաև այսօր, եթե անգամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հավասարվի զրոյի, իսկ հեղափոխության «թավիշը» թույլ տա, որ Սերժ Սարգսյանը հասարակությանը նայի «հերոսական» բարձունքից։

Ինչքա՞ն ոչ ադեկվատ պետք է լինի քաղաքական թիմը, որն իր հեռանկարը կապի բացառապես մեկ մարդու հետ, ընդ որում՝ առաջնորդի, որի իշխանության մերժման հենքով երկրում տեղի է ունեցել հեղափոխություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։