«Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»․ադրբեջանցի դեսպանը՝ իրենց իշխանություններին

«Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»․ադրբեջանցի դեսպանը՝ իրենց իշխանություններին:

ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, թե իրենց հաջողվել է 10 հազար հա հող ազատագրել Նախիջևանի սահմանին առանց մեկ կրակոցի:

Նա գրել է հետևյալը.

«Լուրեր գժանոցից կամ էլ Ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ «Göydən üç alma düşdü»: Կա արդյոք մի սթափ մտածող մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հա տարածք: Առհասարակ նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 11 հազար հա, թե նրանց մաթեմատիկան էլ ողբերգական վիճակում է:

Այս ուղղությամբ հայերը ժամանակին վերահսկել են միայն Քյարքիի անկլավը Հայաստանում, որը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Նախիջևանի տարածքը, այդ թվում՝ Գունատ գյուղը, երբեք վերահսկողության տակ չի եղել: Այս մասին են վկայում նաև մեր պաշտոնական քարտեզները:

Ծիծաղելի է պատկերացնել, թե դատարկ Գունատ գյուղը, որ գտնվում է չեզոք գոտում և չունի ոչ մի ռազմական նշանակություն, ունի ստրատեգիական նշանակություն:

Մենք արդեն լսել ենք երկրում աղքատության մակարդակի՝ մինչև 5% նվազեցման, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու Գերմանիայի փլուզման մասին հեքիաթներ: Հիմա էլ նրանք պատմում են առանց պատերազմի հաղթանակներ տանելու մասին: