ՄամուլՏեսանյութ

Հետապնդում և կրակոցներ Երևանում. «Nissan»-ը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է պարեկի ավտոմեքենային և դիմել փախուստի. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Պարեկները տեսնելով, որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։

Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել է վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանն ու նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել նաև վթարված «Opel»-ի վարորդին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Մանթաշյան 41 հասցեում գործող խմորեղենի արտադրամասի աշխատակիցները։

Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը, որն արձանագրել է տեսախցիկը։

Կիսվել էջում