Հեղափոխությունից հետո բան չի փոխվել, համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը. սա ամոթ է. Վահե Հովհաննիսյան

Հեղափոխությունից հետո բան չի փոխվել, համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը: Այս մասին իր հայտարարությունում նշել է ԱԺ նախկին պատգամավոր «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձեւը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի եւ ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսեւորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։

Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության եւ անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի կենացները, ոռնացող ռաբիսի տակ չդադարող պարերը։

Հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Գրեթե ամեն օր համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը։ Ամեն օր՝ նույն զանգվածները, նույն դոփյունը, նոր ռաբիսը։

Վերջինը Սասուն Միքայելյանի հաղթանակի քեֆն էր։ Գոնե մեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է զուսպ տոնել, իսկ ամենամեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է պարզապես չտոնել։ Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ  նկատմամբ։ Ստացած 31, 25, 22, 20, եւ մյուս՝ իրավիճակային հազարներից պետք է մտահոգվել։ Դա տոնի առիթ չէ․ ՀՀԿ-ի հաղթական սալյուտից եւ օջախահարսնաքարերից ինչո՞վ եք տարբերվում։ Եւ կուլմինացիային Սասունը չգիտես ինչու օտար լեզվով է արտահայտում իր աշխարհայացքը՝ «мы не нищие, понимаете, ребята?»։ Որպես ռուսաց լեզվի  գիտակ՝ Սասունը հավանորեն գիտի, որ կան նաեւ այլ ձեւակերպումներ, ինչպես, օրինակ՝ «они такие бедные; у них есть только деньги»։

Բայց իմ ասածը բացարձակ Սասունին չի վերաբերում։ Ինչ որ տեղ ես նրան հասկանում եմ, որովհետեւ նա այդպիսին է եւ երբեք չի էլ փորձել բարձրաշխարհիկ ռեֆորմիստ խաղալ։ Բայց այդ բոլոր քեֆերին մշտական մասնակցություն է ունենում նոր իշխանության՝ իբր արեւմտյան արժեքներ կրող, իբր նախկինը մերժած, կրթյալ, ինտելեկտուալ հատվածը։ Այդ դեպքում բացատրեք՝ ո՞րն է հեղափոխության արժեհամակարգային տարբերությունը։ Ես, օրինակ, գտնում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունը չի կարող քեֆչի լինել, ես գտնում եմ, որ ամեն ընտրված քաղաքապետ ու ռեյտինգային պատգամավոր չի կարող մի քանի հարյուր հոգանոց քեֆեր աներ։ Ուղղակի չի կարող, ուղղակի նրանց պետք է արգելել։

Ես գտնում եմ, որ աղքատության նման տոկոս ունեցող՝ մոտ մեկ միլիոն աղքատ բնակչությամբ երկրում, դոմիկներում ապրող հազարավոր ընտանիքներ ունեցող երկրում վերնախավը չի կարող նման ճոխության եւ ինտենսիվության քեֆեր կազմակերպել։ Ամեն ինչից զատ՝ ամոթ է։

Հայկական քեֆերի սոցիոլոգիան շատ պարզ է. ամեն քեֆի կազմակերպչին, իրոք, մի պահից թվում է, թե հավաքվածներն իր համակիրներն են, գաղափարակիցները, թե հենց իր կենացի մեջ են նրանք տեսնում ազգի փրկիչին, ազգային հերոսին եւ այլն։ Սոցիոլոգիան մատնում է որ, օրինակ, Սասունի քեֆի մասնակիցների զգալի մասը 7-8 ամիս առաջ մասնակցում էր կա՛մ Կովալենկո Շահգալդյանի, կա՛մ Արամ Հարությունյանի, կա՛մ մեկ այլ ՀՀԿ-ականի քեֆին։ Հրազդանում արտահերթ բնակչափոխություն չի եղել, չէ՞։ Իսկ կենացների բովանդակությունը լրիվ նույնն է։

Եւ վերջում՝ ամենակարեւորի մասին. ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում։ Դրանք սովորաբար չեն համատեղվում, մանավանդ՝ ադրբեջանաթուրքական բանակի առաջ կանգնած երկրներում։

Որեւէ իշխանության դեռեւս չի հաջողվել ռեստորանների պատերի ներսում ճիշտ գնահատել վտանգները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները։ Դրանք այլ միջավայր, այլ մթնոլորտ եւ այլ սեղանակիցներ պահանջող խնդիրներ են։

Աղբյուր՝ news.am