Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական բեկում չեն մտցրել. Սերժ Սարգսյան

Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական բեկում չեն մտցրել։ Այս մասին ԵԺԿ համագումարի նիստի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ նախագահ Դոլին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև Խորվաթիայի ժողովրդական միությանը և վարչապետ Պլենկովիչին ջերմ ընդունելության համար:

2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։

Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից:

Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:
Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում:

Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ:

Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:

Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:

Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը:

Տիկնա’յք և պարոնա’յք,

Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից:

Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը:

Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում :

Տիկնա’յք և պարոնա’յք,

Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա:

2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը:

Շնորհակալ եմ»: