Հափշտակել են կենսաթոշակառուներին բաժանվող 7 մլն դրամ գումարը

Հափշտակել են կենսաթոշակառուներին բաժանվող 7 մլն դրամ գումարը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացի Համլետ Մ-ից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ 01» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից կենսաթոշակառուների համար նախատեսված գումարով պարկը անհետացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյանի «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցորդ Գևորգ Հովհաննիսյանը նկատել է, որ նշված ընկերությանը պատկանող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի սրահից իրեն անհայտ պայմաններում բացակայում է թվով 1 հատ ինկասացիոն գումարով լի պարկ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարկում եղել է մոտ 7 մլն դրամ գումար։ Կոտայքի մարզի ոստիկանները, Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված 7 մլն դրամով պարկը Աբովյան քաղաքի Արզնի խճուղու «Օրիգինալ» սուպերմարկետի դիմացի հատվածում նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Ն. Հ-ն, օգտվելով Գ. Հովհաննիսյանի՝ ժամանակավոր բացակայությունից, գողացել է և տեղափոխել նախապես իր կողմից նշված վայրում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան։

Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնում ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Ն. Հ-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանն ու Ն. Հարությունյանը աշխատում են «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-ուղեկցորդներ։