Մամուլ

Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները հարձակվել են իրենց կարգի հրավիրող պարեկների վրա

Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները հարձակվել են իրենց կարգի հրավիրող պարեկների վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի  բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով:

Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատում են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում: Պարեկները մոտենում են այդ քաղաքացիներին և հորդորում, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակում են «աքլորանալ», ապա հարձակվում են պարեկների վրա: Հարձակվողներից մեկն էլ հարվածներ է հասցնում պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Արսեն Վաթյանն ու 51-ամյա Վարդան Վաթյանը: Իսկ դեպքի վայրում քաղաքացին փորձել է պարեկներին համոզել, որ տեղի ունեցածի մասին մոռանան, սակայն դա օգուտ չի տվել: Պարզվել է, որ պարեկներին դեպքի մասին մոռանալու առաջարկությունն արել է մեկ այլ պարեկ, ով Վաթյանների ազգականն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով