Հարուստ չեմ, բայց գոհ եմ՝ մինչ օրս միայն երաժշտությամբ եմ գումար վաստակել․ Գոռ Սուջյանը սպասվող նորությունների մասին

Հարուստ չեմ, բայց գոհ եմ՝ մինչ օրս միայն երաժշտությամբ եմ գումար վաստակել: Ներկայույմս Գոռ Սուջյանը հանդես է գալիս «Project LA» նախագծի շրջանակներում՝ կատարելով հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը։

Գոռն արդեն բավականին ժամանակ է, ինչ չի ներկայացել սեփական ստեղծագործություններով, չնայած նա ակումբային համերգների ժամանակ հանդիսատեսի համար կատարում է երգեր՝ սեփական երգացանկից։

Tert.am Life-ի հետ զրույցում կատարողը խոսել է նոր համագործակցության, ալբոմի և այն մասին, թե ինչու նրան չենք տեսնում նաև «Project LA» նախագծից դուրս։

«Ակումբներում իմ երգերով հաճախ եմ հանդես գալիս, իսկ այն, որ այս ընթացքում ավելի կենտրոնացա «Project LA»-ի հետ համագործակցության վրա և ներկայանում եմ  այդ նախագծի շրջանակներում, որևէ արտառոց բանով պայմանավորված չէ, ուղղակի կապված է այս ժամանակահատվածի հետ, որը կա իմ ստեղծագործական կյանքում։ Նախագիծն անպայման շարունակական բնույթ է կրելու, ասեմ ավելին, սպասվում է մենահամերգ, որի ընթացքում ներկայացնելու ենք պրեմիերա»,- նշեց Գոռը։

Թե ինչ զբաղվածություն ունի կատարողն այս ընթացքում՝ ասաց․ «Այս պահին ավելի կենտրոնացած եմ «Project LA»-ի մենահամերգի վրա, որը սպասվում է հունիսի 15-ին։ Առհասարակ  «Project LA»-ի նախաձեռնությունը, այն է բանաստեղծությունները վերածել երգերի, բավականին դրական արձագանքներ ստացավ՝ բացասական դեռևս չի եղել։ Իհարկե ես ինքս արձագանքներին շատ չեմ հետևում, բայց, համենայն դեպս, որքանով լսում եմ՝ մարդկանց ոգեշնչում է, դուր է գալիս։ Եթե անկեղծ, ինքս հայ գրողներից շատ բանաստեղծություններ չգիտեի, բայց այս ընթացքում իմացա, սովորեցի և կարծում եմ միայն ես չէ, այլ շատ շատերը»։

Գոռ սուջյան

Եթե սա կատարողի ներկայիս զբաղվածությունն է, ապա ապագայում Գոռին իր երկրպագուները տեսնելու են նոր համագործակցությամբ, որը կլինի «Project LA» նախագծից դուրս։

Հայկական իրականության մեջ դժվար է կռահել՝ կատարողներն ալբոմներ թողարկելով կարողանո՞ւմ են գումար վաստակել, թե՞ ոչ։ Մեր կատարողների եկամտի աղբյուրները հիմնականում կորպորատիվներն են, եթե երգացանկում բացակայում են կորպորատիվներին համապատասխան երգեր, ապա առաջարկներն անհամեմատ ավելի քիչ կլինեն և գումար  վաստակելու մյուս տարբերակներից են ակումբային համերգներն ու սկավառակների վաճառքը համացանցային հարթակներում՝ մասնավորապես itunes-ում։

Գոռ Սուջյանը վստահեցնում է` իր եկամտի միակ աղբյուրը երաժշտությունն է․ «Հարուստ չեմ, բայց գոհ եմ՝  մինչ օրս միայն երաժշտությամբ եմ գումար վաստակել»։

Կատարողը շուտով թողարկելու է նոր ՝ անգլալեզու ալբոմ, որն արդեն աշխատաքային վերջին փուլում է։ «Այնտեղ հանդես եմ գալիս նոր համագործակցությամբ ոչ հայ երաժիշտների հետ։ Ներկայույմս սկավառակ թողարկելը բավականին սիմվոլիկ է, որովհետև հիմա կա itunes և համացանցային այլ հարթակներ, որտեղ մարդիկ վաճառում են իրենց ալբոմները և դրանք նաև պաշտպանված են»,- ասաց Գոռ Սուջյանը։

Աղբյուր՝ tert.am