«Հանգստյան օրը» Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքում․ Ֆոտոշարք

«Հանգստյան օրը» Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքում։ Ուրախ ու դրական հանգստյան օր անցկացնելու համար յուրաքանչյուրն ունի իր տարբերակը: BRAVO.am-ին իրենց առանձնատանն այս անգամ հյուրընկալել են Սարգիս եւ Մանո Գրիգորյանները: Մենք լուսանկարել ենք նրանց, զրուցել եւ ականատես եղել Էվայի ու Յանայի խաղերին ու չարաճճիություններին: Մթնոլորտն այս ընտանիքում շատ ջերմ էր ու աշխույժ:

Սկզբում երեխաները ցույց տվեցին իրենց ննջասենյակը, որտեղ խաղում են, դասերը սովորում, տրվում մանկական խենթություններին, մեկ էլ հանկարծ վիճում:): Վիճում, սակայն շատ արագ էլ հաշտվում ու կրկին միասին խաղում: Նկարահանման ողջ ընթացքում աղջիկները շատ ակտիվ էին, եւ հատկապես Յանան, ով արդեն ունի տեսախցիկի հետ աշխատելու փորձ, երգեր եւ տեսահոլովակներ:

Սարգիս և Մանո

Նա ակտիվորեն հետեւում է իր ինստագրամյան էջին եւ հաճախ հրապարակումներով հանդես գալիս: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ զբաղմունքները չեն խանգարում Յանային դասերի հարցում, եւ աղջիկների մայրը՝ Մանոն, նշեց, որ նրանք երկուսն էլ հասցնում են ե՛ւ դասերը պատրաստել, ե՛ւ խմբակներ հաճախել: Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով Յանան հանդես կգա իր նոր երգով:

Սարգիսը պատմեց, թե ինչպես է սկսվում իրենց հանգստյան օրը ու ինչ ռիթմով են անցկացնոմ այն.«Շատ խառն է սկսվում մեր օրը. Մանոյինը՝ երեխաներին դպրոց ճանապարհելով, իսկ ես գաղափար չունեմ, թե նրանք երբ են գնում դպրոց, բայց կարծում եմ՝ ունեմ դրա իրավունքը, քանի որ բավական ուշ եմ տուն գալիս: Մանոն էլ այս ընթացքում շատ զբաղված է, որովհետեւ դպրոցում հանդեսներն ինքն է կազմակերպում ու պարեր բեմադրում, օգնում է երեխաներին ավելի լավ ներկայանալ: Այս ամենի հետ մեկտեղ փորձում ենք շաբաթվա մեջ գոնե մեկ օր միասին արթնանալ, նախաճաշել ու շփվել, թեեւ դա շատ բարդ է»:

Սարգիս և Մանո

Մանոն այնքան էլ չի սիրում զարթուցիչի զանգը.«Արթնանում եմ առավոտյան ժամը 7:20-ին՝ զարթուցիչի տհաճ ձայնից: Չեմ հասցնում սրճել, որովհետեւ զբաղված եմ լինում երեխաներին դպրոց ճանապարհելով. նրանք նախաճաշում են ու գնում, իսկ ես քանի որ աշխատանքս սովորականից մի քիչ ավելի ուշ է սկսվում, նրանց ճանապարհելուց հետո կարողանում եմ մոտ մեկ ժամ քնել, ապա նոր անցնել աշխատանքային բուռն օրվան»:

Սարգիս և Մանո

Զույգի երեխաներն ազատ են նախասիրությունների ընտրության հարցում. «Աղջիկներս իրականում շատ տարբեր են: Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Էվան կգնա այս ուղղությամբ, սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ՝ ոչ: Երբ Յանան սկսեց վարել իր ինստագրամյան էջն ու երգեր, տեսահոլովակներ ունենալ, Էվայի մոտ խանդ նկատեցինք, ինչը, վստահ եմ, կանցնի. տարիքային է: Անկախ նրանից, որ մենք արվեստի մեջ ենք, առաջին հերթին ծնող ենք եւ հաշվի ենք առնում նրանց ցանկություններն ու կամքը: Տարբերություն չենք դնում. նրանք են ընտրել, թե ինչ են սիրում եւ որ ուղղությամբ են ուզում գնալ»:

Սարգիս և Մանո

Եվ վերջում Սարգիսն ու Մանոն հավելեցին, որ միշտ փորձում են արդյունավետ օգտագործել իրենց ժամանակն աղջիկների հետ. «Շատ ծնողներ կան, որոնք չեն աշխատում եւ ողջ օրը երեխաների հետ են, սակայն այդպես էլ չեն կենտրոնանում շատ կարեւոր երեւույթների վրա: Մենք հնարավոր է՝ օրվա մեջ ունենանք 3 ազատ ժամ՝ նրանց հետ անցկացնելու, եւ այդ 3 ժամվա ընթացքում հասցնենք միասին ե՛ւ խաղալ, ե՛ւ ճաշել, ե՛ւ շփվել»:

Սարգիս և Մանո

Աղբյուր՝ bravo.am