Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch

Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch

Կազմակերպությունը հարցում է անցկացրել 4 նախկին ռազմագերիների շրջանում։ Նրանք դաժան վերաբերմունքի են ենթարկվել Ադրբեջանում:

Հայ գերիները դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվում Ադրբեջանում պահման տարբեր կետերում։ Տեղեկությունը հայտնում է Human Rights Watch-ը:

Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է անհապաղ հետաքննի բոլոր նման դեպքերն ու դիմումները, մեղավորներին պատասխանատվության ենթարկի։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկացնի հայկական կողմի բոլոր այն անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վերջին տեղեկությունները Ադրբեջանում գերի լինելու մասին են:

«Դա ռազմական հանցագործություն է։ Մտահոգիչ է նաև այն, որ մի շարք անհետ կորած հայ զինվորներին վերջին անգամ տեսել են ադրբեջանական գերության մեջ, սակայն ադրբեջանական կողմը նրանց մասին տեղեկություններ չի տրամադրում», — ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը։

Կազմակերպությունը զրուցել է չորս նախկին գերիների հետ, որոնք նկարագրել են իրենց` գերության մեջ գտնվելու ընթացքը։ Նրանք բոլորն ասել են, որ իրենց հաճախ ու երկար ծեծի են ենթարկել։ Նրանցից մեկը պատմել է, թե ինչպես են իրենց ծակել երկաթե ձողով, մյուսը՝ ինչպես են հոսանքահարել, երրորդը՝ ինչպես են կրակայրիչով այրվածքներ հասցրել։ Գերության առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և գրեթե սնունդ չեն տվել։

Սոցիալական ցանցերում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք պատկերում են ադրբեջանցի զինվորականների դաժան վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ: HRW-ն ուսումնասիրել է ավելի քան 20 նման տեսանյութ՝ հաստատելով դրանց իսկությունը, զրուցելով նախկին գերիների ու դեռևս գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ։ Կազմակերպությունը ծանոթացել է տուժածների բժշկական փաստաթղթերին։

Հայտարարության մեջ նշվում է, որ գերիների ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ։ Փետրվարի վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը հիշատակել էր 240 գերիների ու քաղաքացիական պատանդների մասին։ Հայաստանի պաշտոնական մարմինները հայտարարում են, որ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերու ու քաղաքացիական անձանց:

Գերիները նշում են, որ առանձին դեպքերում ադրբեջանցի զինծառայողները նրանց առաջին օգնություն են ցուցաբերել կամ ցավազրկող են տվել, սակայն նման դեպքերը եզակի բնույթ են կրում ու կախված են բացառապես առանձին սպաների կամքից:

Նախկին գերիներից մեկն ասել է, որ գերի է ընկել հոկտեմբերի 15-ին, Հադրութ քաղաքի ծայրամասում։ Ադրբեջանցի սպան վիրակապ է դրել, ջուր տվել, տարել ադրբեջանական դիրքեր ու զինվորներին հրամայել նրան ձեռք չտալ։ Սակայն մեքենայում, որով նրան տեղափոխել են Բաքվի հիվանդանոց, կապել են, ձեռնաշղթաներ են հագցրել և գցել հատակին։