Հայ գերիներից մեկը վիրավոր է, նրան վիրահատելու են Բաքվում. Բորիս Ավագյան

Հայ գերիներից մեկը վիրավոր է, նրան վիրահատելու են Բաքվում. Բորիս Ավագյան

Ադրբեջանում հայ ռազմագերիների թվում կա մեկ վիրավոր, որը պետք է վիրահատվի։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»՝ վկայակոչելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։

Ըստ Ավագյանի՝ այդ 13 զինվորականներից մեկը վիրավոր է, և քանի որ նրան այդ վիճակում հնարավոր չէ Հայաստան տեղափոխել, որոշվել է միջամտությունն իրականացնել Ադրբեջանում:

«Որքան գիտեմ` պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- նշել է Ավագյանը։

Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում բոլոր 13 ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։