Հայտնի կանայք պատմում են իրենց փորձի, աղի բլիթ ուտելու և ասպետին հանդիպելու մասին

Եթե աղի բլիթ եք կերել, բայց երազում ձեզ ծարավ են թողել, հոգ չէ՝, փորձեք հաջորդ տարի։ Ամեն դեպքում, հույսներդ չկտրեք։ Մենք անդրադարձել ենք հայտնի կանանց, որոնք աղի բլիթ չեն կերել, երազ չեն տեսել, բայց հիմա երջանիկ ապրում են իրենց ասպետի հետ։ Նրանք Tert.am Life-ի հետ կիսվել են սեփական փորձով և խոսել ամուսնությունից առաջ և հետո ռոմանտիկ կյանքի փոփոխության մասին։

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իրեն շատ ռոմանտիկ մարդ չի համարում, բայց այնպես է անում, որ ամուսնական կյանքում ռոմանտիկ պահերի պակաս չլինի․ «Կդժվարանամ ասել ինձ ռոմանտիկ համարում եմ, թե չէ։  Երևի, ամեն դեպքում, կիսով չափ ռոմանտիկ եմ»։

Մինչև ամուսնությունն ու սիրելիին հանդիպելը, ի տարբերություն շատ աղջիկների, Լուսինեն աղի բլիթ չի կերել. «Չեմ կերել, չեմ էլ հավատում, որ կուտես ու երազիդ կտեսնես սիրելիիդ։ Ավանդույթ է, որին շատերն են հետևում, համոզված եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակի հետաքրքրություն վայելել»։

լուսիեն թովմասյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը հասցրել է հայտնի դառնալ իր ռոմանտիկ բնավորությամբ, նույնպես չի հավատում աղի բլիթի առաքելությանը, ավելին՝ հումորով է վերաբերվում․ «Հաճելի ավանդույթ է, բայց երբևէ չեմ կերել։ Չնայած գիտեմ դեպքեր, երբ մարդիկ կերել են, երազ տեսել, որ իրականություն է դարձել։ Ըստ իս` սա հետաքրքիր ավանդույթ է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ կախարդանքի միջոցով կարող են տեսնել իրենց ասպետին։ Ես իրական կյանքում եմ հանդիպել ասպետիս և շատ գոհ եմ»։

Կարծիք կա, որ ամուսնությունն ու համատեղ կենցաղը, երբեմն, զույգերին ստիպում է մոռանալ ռոմանտիկայի մասին։ Դերասանուհին համամիտ չէ, ասում է` այս առումով ինքն ու ամուսինը դեռ ընկերություն անելու շրջանում են։ «Շատ հաճախ միմյանց ժամադրում ենք, հանդիպում, իմանում, թե ինչպես է անցնում օրը։ Մենք կարողանում ենք ռոմանտիկ դարձնել անգամ սովորական օրերը։ Ըստ իս` նշանակություն չունի ամուսնությունից հետո՞, թե՞  առաջ։ Ես բնույթով շատ ռոմանտիկ, խենթ, անակնկալներ սիրող մարդ եմ»,– նշեց նա ու հավելեց, որ ամուսինը շատ ռոմանտիկ չէ, բայց դա իրենց չի խանգարում։

Անահիտ Կիրակոսյան

Հասմիկ Կարապետյանը, լսելով Սուրբ Սարգսի մասին մեր հարցը, միանգամից արձագանքեց, որ ինքն ընդունում է հենց այս տոնը, ոչ թե Վալենտինը։ Տարիներ առաջ երգչուհին աղի բլիթ փորձել է, բայց երազը հուսադրող չէ։ «Կերել եմ, բայց ամուսնուս կամ այլ տղամարդու չեմ տեսել։ Չեմ համարում, որ դա ճշմարտություն է, բայց կան դեպքեր, երբ մարդիկ իսկապես ճիշտ երազ են տեսնում»։

Ռոմանտիկայի ու համատեղ կենցաղի մասին խոսելով՝ Հասմիկը նշեց, որ իր համար կենցաղն իսկական հրեշ է, բայց հաջողվում է պահել ռոմանտիկան։ «Կենցաղն ինձ համար շատ բացասական երևույթ է, որքան էլ փորձում ենք դիմակայել, ինչ-որ չափով այն կուլ է տալիս մեզ՝ անկախ նրանից շատ ռոմանտի՞կ ենք, թե՞ ոչ։  Իրական սերը գալիս է մեկ կամ երկու տասնամյակ միասին ապրելուց հետո՝ իրար սովորելու ու լավ ճանաչելու արդյունքում», ասաց երգչուհին ու շեշտեց, որ  փորձում են նույնիսկ այդ կենցաղում անտեսել շատ բաներ և փոքրիկ ռոմանտիկ ուրախություններ պարգևել միմյանց։

Հասմիկ Կարապետյան


Աղի բլիթ չի համտեսել, բայց իր ասպետին գտել է նաև երգչուհի Լայանան․ «Գեղեցիկ տոն է, մեզ համար ես կարող եմ բոլոր օրերն էլ սիրո տոն դարձնել»։

Ինչ վերաբերում է ամուսնությունից հետո էլ ռոմանտիկ լինելուն` Լայանան վստահ է, որ դա բնավորության հարց է․ «Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ «ամուսնությունից հետո» արտահայտությունը չլինի։ Չեմ կարող ասել ամեն օր, սակայն տոներին, առիթներին ես ու Ռոլանդն առանց բալիկի ինչ-որ տեղ ենք գնում, և նշում»։

Չնայած կենցաղն ու բալիկի ծնունդը շատ բան են փոխել առօրյայում, նրանք փորձում են ռոմանտիկ պահերը չսահմանափակել։ Լայանան վստահ է՝ նման պահերն են, որ երկարացնում են սիրահարվածության զգացումը։ «Ռոլանդը չի անում նման բաներ, բայց ես փորձում եմ ամեն ինչ անել, որ ռոմանտիկան մեր կյանքից չկորչի։ Չնայած զբաղվածությանը, հոգսերին, ամեն դեպքում, ռոմանտիկ պահերը պետք են, որպեսզի տղամարդը դրսում հետաքրքրություն չփնտրի»,– կարծում է երգչուհին։

Լայանա

Աղբյու՝ tert.am