Հայտնի է որքան է օրական ծախսվում Էրդողանի թիկնազորի համար

Հայտնի է որքան է օրական ծախսվում Էրդողանի թիկնազորի համար

2021 թվականին՝ 10 ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար), հայտնում է Ermenihaber-ը։

Դա բավականին պատկառելի գումար է կազմում վերջին շաբաթներին դոլարի նկատմամբ թուրքական լիրայի մի քանի տասնյակ տոկոսանոց արժեզրկումից հետո: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 մլն լիրա, օրական՝ 870 հազար (61.5 հազար դոլար):

Ըստ Թուրքիայի ոստիկանական գլխավոր վարչության ֆինանսական հաշվետվությունների՝ նախագահի պահպանության վարչությունը, որտեղ աշխատում են նրա թիկնապահները, 2020-ին ծախսել է 263մլն լիրա (18.9 մլն դոլար):

Նշվում է, որ Էրդողանի թիկնազորի քանակը խիստ գաղտնի է պահվում: Թվաքանակի վերաբերյալ բոլոր ընդդիմադիր պատգամավորների գրավոր ու բանավոր հարցումներին երբեք հստակ պատասխան չի տրվում:

Ըստ մամուլի տվյալների՝ նրանց թիվը բավականին շատ է, քանի որ երկրի տարբեր շրջաններ Էրդողանի այցերի ժամանակ ուղղաթիռներից ու զրահամեքենաներից բացի երբեմն 100-ավոր մեքենաներից բաղկացած ավտոշարասյուններ են ուղեկցում նրան: