Հայկական շշալցված ջրերում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ․ ԱՄՆ-ից ահազանգում են

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA) հայտնում են՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրերում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։

Նշենք, որ մկնդեղը հայտնի է իր քաղցկեղածին ազդեցությամբ։

Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական արտադրողների շշալցրած մեկ լիտր ջրում պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման 10 միկրոգրամն է։

«Կարմիր ցուցակում» հայտնված արտադրանքը թողարկել են «Ջերմուկ» և «Արփի» հանքային ջրերի գործարանները։

Shantnews.am-ն այս առնչությամբ փորձեց արձագանք ստանալ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից:

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են այդ տեղեկությունները թարմացրել, բայց կոնկրետ Հայաստանին վերաբերող տվյալները 2009 թվականի վաղեմության են:

«Իրենք նոր ինֆորմացիա են հրապարակել Հայաստանի մասով՝ 2009թ. տվյալների հիման վրա: Մյուս երկրների դեպքում ինֆորմացիան ավելի թարմ է, թե մեզ ինչո՞ւ են ներառել այդ ցանկի մեջ, անհայտ է»,- ասաց Հարությունյանը:

Աղբուր՝ shantnews.am