Հայերն ԱՄՆ արտագաղթելու նոր տարբերակ են գտել

Հայերն ԱՄՆ արտագաղթելու նոր տարբերակ են գտել

Hraparak.am-ը գրում է․ «Մեզ հետ կապվել էր մեր հայրենակիցներից մեկը, որը պատերազմից հետո որոշել էր արտագաղթել Հայաստանից եւ ճանապարհներ էր փնտրում։ Երբ պարզել է, որ գաղթելու օրինական ճանապարհները գրեթե բացառվում են, քանզի ոչ Եվրոպան է ընդունում գաղթականներ, ոչ ԱՄՆ։

Ավելին՝ մուտքի վիզա ստանալու համար անմարդկային հերթեր են գոյացել օտարերկրյա դեսպանություններում՝ մի քանի տարի ձգվող, որոշել է զարտուղի ճանապարհ գտնել։ Նրան ԱՄՆ-ում բնակվող բարեկամներից մեկը խորհուրդ է տվել ԱՄՆ անցնել Մեքսիկայի միջոցով։

Մեծ դժվարություններով եւ ահռելի գումարներ ծախսելով նա հասել է Մեքսիկա։ Եվ արդեն մոտ է «Ավետյաց երկիր» Ամերիկան՝ այսօր-վաղը նրանք հայ գաղթականների մի խմբով հատելու են Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։

Իհարկե, անօրինական ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ում հեշտ չէ եւ երբեմն տասնամյակներ են պահանջվում այդ ճանապարհով ներթափանցածներին, որպեսզի ԱՄՆ քաղաքացի դառնան եւ օրինական հիմունքներով բնակվեն երկրում, բայց ոմանք պատրաստ են կրել այդ դառնությունները՝ միայն թե հեռանան Հայաստանից։

Մեր զրուցակիցը մի ուշագրավ մանրամասն էլ ասաց՝ իրենց հետ միասին Մեքսիկա-ԱՄՆ սահմանը պատրաստվում են հատել մեծ թվով ռուսներ եւ ուկրաինացիներ։ Նրան տեղացիներն ասել են, որ վերջին շրջանում ռուս եւ ուկրաինացի միգրանտների մեծ քանակ է ժամանում Մեքսիկա, որոնք հետո անցնում են ԱՄՆ։

Այսինքն, մարդիկ փախչում են պատերազմից եւ պատերազմի պոտենցիալ վտանգից։ Մեքսիկայում գտնվող էմիգրանտների կազմն այդ մասին է վկայում»։