«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Հայաստանում հետընտրական իրադարձությունները կախված կլինեն արտաքին քաղաքական զարգացումներից, մասնավորապես արցախյան խնդրի շուրջ զարգացումներից և հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից, որի մասին շատ են խոսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեակետ հայտնեց Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա` արմատական ընդդիմությունը հենց այդ նպատակով էլ դադար է վերցրել, քանզի ակնկալվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ բավականին ծանր կլինեն հայկական կողմի համար, ուստի ընդդիմադիր ուժերը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, սպասում են ավելի հարմար առիթի փողոցային պայքարը վերսկսելու համար։

Եվ սա, Բաղդասարյանի բնութագրմամբ, ինչ–որ իմաստով փոթորկից առաջ հանդարտություն է։

«Հիմա արդիական են երկու առանձին հարցեր։ Մեկն առնչվում է Արցախի ապագային։ Մենք հասկանում ենք, որ ամեն դեպքում բանակցությունները պետք է շարունակվեն կարգավիճակի հարցի շուրջ, ինչպես պնդում են Մինսկի խմբի համանախագահները, թեև այդտեղ հայկական կողմը, ցավոք սրտի, կորցրել է իր սուբյեկտայնությունը, իսկ երկրորդ հարցն առնչվում է հայ–ադրբեջանական հարաբերություններին, երկկողմ խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, միջանցքի խնդրին»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` մեր իշխանությունները ստիպված կլինեն գնալ ցավալի զիջումների, ինչին էլ սպասում է ընդդիմությունը։

Ըստ նրա` Փաշինյանը համարում է, որ մանդատ է ստացել, հետևաբար կարող է բանակցել ինչի շուրջ որ ուզի, մինչդեռ ընդդիմությունը կարող է այդ դեպքում լուրջ հաջողություն ունենալ, որովհետև հնարավոր չի լինելու ստորագրված փաստաթուղթը թաքցնել, դա հրապարակվելու է, և շատերի աչքերը բացվելու են, հասկանալու են, որ պարտությունը նոյեմբերի 10–ով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում