Հայաստանում նոր պիկ է սկսվել պարետ Ավինյանի հանցավոր անգործության արդյունքում

Հայաստանում նոր պիկ է սկսվել պարետ Ավինյանի հանցավոր անգործության արդյունքում․ Հրանտ բագրատյան

Hraparak.am-ը գրում է․ Երեկ ՀՀ պարետ եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երրորդ անգամ երկարաձգեց երկրում արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմի ժամկետը։ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը սա համարում է Սահմանադրության խախտում։

«Սահմանադրության 120-րդ հոդվածն ասում է, որ արտակարգ դրություն կարելի է մտցնել, իսկ արտակարգ դրության մասին օրենքն ասում է՝ հանրապետությունով մեկ, բայց ոչ ավել, քան 30 օր»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը։

— Բայց Դուք խստացումների կողմնակից էիք, իսկ ԱԴ-ն հենց խստացում է ենթադրում։

— Ես ուզում եմ խստությունները լինեն իրականության մեջ, գործողությունների մեջ։ Թե չէ այնպես է ստացվել, որ Հայաստանում ԱԴ է, որն արտակարգ անառակ քաոս է իրենից ներկայացնում։ Ըստ իս՝ ԱԴ-ն ներկայումս վերաբերում է սոսկ քաղաքական հավաքներին ու միտինգներին։

— Հիմա կարծես թե նոր փոփոխություններով սկսել են վարվել այնպես, ինչպես Դուք էիք ժամանակին առաջարկում։

— Այո, մանավանդ իմ վերջին հարցազրույցներից մեկում, երբ ես ասում էի, որ նախեւառաջ պետք է փոխհատուցել մարդկանց եկամուտների կորուստները, այլ ոչ թե գազի վարձը, հոսանքի վարձը, այո, նման փոփոխություն նկատվում է։

Այսինքն՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամ կորցնելուց, վատնելուց հետո կառավարությունը հիմա որոշել է եկամուտները փոխհատուցել (տես, օրինակ, օժանդակության 18-րդ փաթեթը)։

Մինչ այդ՝ այս կամ այն ծախսը փոխհատուցելը, այս կամ այն ընկերությանը արտոնություններ տալը եւ այլն, էս բոլորը հիմարությունների ոլորտից են։ Պետք է նախեւառաջ եկամուտների կորուստը փոխհատուցել, եթե փող կա։

Իր հիմնական գործը չարած՝ կառավարությունը գնում՝ մե՛կ 7 տարեկան երեխաներին է փոխհատուցում, մե՛կ 5 տարեկան 7 ամսական երեխաներին է փոխհատուցում, մե՛կ 3 տարեկան 1 ամսական երեխաներին է փոխհատուցում։ Այս ամենը գալեմատիկ բնույթ ունի։

Բացի այդ, վարչապետը երեկ նաեւ վարկերի, վարկային տոկոսների փոխհատուցումից էր խոսում։ Սա եւս վկայում է այն մասին, որ վարչապետը պատկերացում անգամ չունի՝ ինչպես պետք է կառավարել համաճարակը։

Նա ուղն ու ծուծը պոպուլիստ է։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ, նախ, բանկերի վարկերը ներելը կառավարության գործը չէ։ Եթե կառավարությունն ուզում էր այստեղ փոփոխություն մտցնել, նա կարող էր Ազգային ժողովում օրենք ընդունել՝ պարտադրելով Կենտրոնական բանկին, որ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել, բայց ԱԴ պատճառով իրենց արտադրությունը փակվել է, ապա վարկային տոկոսի ռիսկը մասամբ կիսվի տվյալ բանկի հետ, որից վերցվել է այդ վարկը։

Երկու-երեք ամսվա փոքրիկ զեղչի մասին է խոսքը։ Իսկ, ընդհանրապես, երբ որ վարչապետն ասում է՝ ես էս վարկերը փակել կտամ, դա պոպուլիստական ալեգորիա է։

— Իսկ ի՞նչ մեխանիզմով, ո՞ւմ հաշվին է այդ վարկերը փակելու։

— Հարց եմ տալիս՝ բյուջեից տոկոսն ինչո՞ւ ես փոխհատուցում, սիրելի՛ բարեկամ, երբ որ դու նույն ընկերությանը վարկ ես տալիս, չէ՞, եթե տուժել է կորոնավիրուսից։ Վարչապետը պետք է իմանա, որ եթե այդ ծախսերը փակվում են բյուջեից, ապա դրանք պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից։ Նա պարզապես կատարում է տարրական հանցագործություն՝ հանուն իր պոպուլիզմի։

— Հիմա ի՞նչ վիճակ է մեր երկրում՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ։

— Խայտառակ վիճակ է, մեզ շրջապատող բոլոր երկրներում՝ ոչ միայն Վրաստանում եւ Ադրբեջանում, այլ նաեւ Թուրքիայում եւ Իրանում ամեն օր բուժվածների թիվը զգալիորեն գերազանցում է հիվանդացածներին։

2020-ի մարտի 16-ից ի վեր, երբ ԱԴ է մտցվել, ՀՀ-ում հիվանդների թիվն ավելացել է 150 անգամ։ Հայաստանում նոր պիկ է սկսվել պարետ Ավինյանի հանցավոր անգործության արդյունքում։

Իսկ առողջապահության նախարարն էլ հայտարարում է, որ եւս հինգ տարի կարող է տեւել այս իրավիճակը (աշխարհում չգիտեն, բայց այդ մարդը գիտի)։ Ես ուղղակի ամաչում եմ, որ էդ կարգի մարդը մեր առողջապահության նախարարն է, որ նման հոգնած պեսիմիզմ ու հոռետեսություն է հաղորդում մեզ։

Քանի նա առողջապահության նախարար է, մենք այս համաճարակից դուրս չենք գա։ Իր, պարետ Ավինյանի, ինչպես նաեւ Փաշինյանի մեղքով է, որ հանրապետությունն այսօր գտնվում է այնպիսի վարակի մեջ, որն արդեն համեմատելի է մեր ազգի պատմական ողբերգությունների հետ։

Վաղը, մյուս օրը Վրաստանը մի երկու շաբաթից լրիվ կմաքրի երկիրը, Ադրբեջանը՝ մի երեք-չորս շաբաթից, Իրանը մի ամսից լրիվ մաքուր դուրս կգա, եւ այդ երկրները չեն ուզենա վարակված ու «կեղտոտ» Հայաստանի հետ շփվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում