Հայաստանում լսվող երգերի թոփ 100-յակում բոլորն ադրբեջանցիներն են. բոյկոտված միջոցառման կազմակերպիչը դատարան է դիմելու

Հայաստանում լսվող երգերի թոփ 100-յակում բոլորն ադրբեջանցիներն են. բոյկոտված միջոցառման կազմակերպիչը դատարան է դիմելու

Armtimes.com-ը գրում է․ Նախօրեին «Ֆեյսբուք»-ում ծավալված ակտիվ քննարկման ու քննադատության պատճառով «InDrive Music Fest»-ի կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել երգիչներ Անդրոյի եւ Լիմբայի հետ համագործակցությունը:

Միջոցառումը, որի շրջանակներում նաեւ պիտի երգին այս երգիչները, տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բանն այն է, որ մի քանի օր էր՝ համացանցում ակտիվ քննարկվում էր, որ հոկտեմբերի 23-ին «InDrive Music Fest»-ի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենալու Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց կազմում կան մի քանի հայատյաց ադրբեջանցի արտիստներ՝ JONY-ը, Hamali-ն եւ Navai-ն եւ Էմին Ագալարովը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով արտիստների ելույթների չեղարկմանը, ասում է՝ հոկտեմբերի 23-ին սպասվելիք միջոցառմանը ի սկզբանե որեւէ ադրբեջանցի երգչի բերելու մտադրություն չի էլ եղել, սակայն կազմակերպիչները զգուշացվել են, որ կոնկրետ երկու երգչի մասնակցությունը (Անդրո, Լիմբա) չեղարկվի:

«Այդ տղաները իրականում ադրբեջանցի չեն, եթե չեմ սխալվում, մեկը գնչու է, մյուսը՝ ղազախ: Նրանց պրոդյուսերը ռուս է, պարզապես երգիչները Ագալարովի եւ Լեյբլի տակ են աշխատում։ Դրա համար էլ ոչ նպատակահարմար ենք համարում այդ խմբի մուտքը Մարզահամերգային համալիր:

Ճիշտ է, իրենք ադրբեջանցի չեն, բայց հաշվի առնելով այն, որ գործեր ունեն ադրբեջանցիների հետ համատեղ, այսպես ասած՝ նրանց մշակույթը զարգացնող»,- մանրամասնում է Կարեն Ղազարյանը։

«InDrive Music Fest»-ի կազմակերպիչներից Է. Ա-ի խոսքով էլ, որը չցանկացավ իր ամբողջական անունը նշվի, Անդրոն եւ Լիմբան վաղուց «Atlantic Records Russia»-ի հետ կապ չունեն, ինչը շահարկել են միջոցառումը բոյկոտած անձինք:

«Atlantic»-ն ամերիկյան բրենդավորում ուներ, ռուս-ուկրաինական այս հակամարտությունից հետո լիցենզիան հետ է կանչվել: Փետրվարի 24-ից «Atlantic Records Russia»-ը Ռուսաստանում առհասարակ գոյություն չունի, Անդրոն էլ վաղուց նրանց հետ կապ չունի, իսկ Լիմբան «Սայուզ ռեկորդսի» հետ էր աշխատում: Անդրոյի ընկերները հիմնականում հայեր են, շատ լուրջ տղաներ, որոնք Հայաստանին ու Արցախին շատ օգտակար են եղել:

Բայց ինչ-որ մեկը եզրեր է գտել ու կեղծ ինֆորմացիան ուռճացնելով՝ տարածել, մեր հասարակությունն էլ միայն այն, որ ադրբեջանցի բառը կա, առանց ստուգելու, առանց իմանալու սկսեց անխնա տարածել: Դրանից հետո այդ մարդկանց բերելը դառնում էր անիմաստ»,- նկատում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մարդիկ այսօր համացանցով այնքան են գրել-կարդալով տարվել, որ դրանից զատ՝ ոչինչ չեն տեսնում. «Չեն էլ նայում՝ ինչ են տարածում, մեկը տարածում է, մասսայական սկսում են դրանով կիսվել: Դրա համար էլ որոշեցինք, որ ավելի լավ է՝ հիմա հանենք»:

Թեպետ որոշումը կազմակերպությանը ֆինանսական մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում, սակայն հարկադրված կայացրել են այս որոշումը: «InDrive Music Fest»-ի կազմակերպչի վստահեցմամբ՝ մի քանի հոգու դատի են տալու, սակայն այս պահին անուններ չեն ուզում հրապարակել. «Դատի ենք տալու՝ կեղծ տեղեկատվություն տարածելու եւ մեր բարի համբավն արատավորելու համար»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում