«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին»

«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական Հարցի լուծման բանալին: Շուտով Արևմտյան Հայաստանը, Նախիջևանն ու Արցախը կդառնան հասանելի հայ ժողովրդին:

Թուրքիան այլևս երբեք չի տենչա տիրանալ Հայաստանին: Հայ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել և արարել: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Ի՞նչ ճանապարհով է դրան հասնելու Հայաստանի վարչապետը:

Դա շատ պարզ ճանապարհ է, որ նախանշել է դեռ Երրորդ հանրապետության մեծ հիմնադիր առաջին նախագահը: Հայաստանը բացում է իր սահմանները, մոռանում է իր ամոթալի և ողբերգական անցյալը, հանուն լուսավոր ապագայի` մոռանում է նաև իր հերոսական էջերը, որովհետև դրանք այլևս նոր Հայաստանում դիտարկվելու են որպես հիմարության, անտեղի ինքնազոհողության և նողկալի ազգայնականության դրվագներ:

Չկան Հայաստանը խաղաղությունից հետ պահող մեղավորները` նախկինում անարդարորեն հերոս համարված զինվորներն ու գործիչները: Բոլորը սպանված են: Նոր ապագան եղբայրական Թուրքիային աստիճանական միավորումն է, որի արդյունքում Հայաստանը` իր իսկական անվամբ` որպես Արևելյան Թուրքիայի վիլայեթ (Արևմտյան Ադրբեջան)` կմիավորվի Թուրքական Լեռնաշխարհի մյուս հատվածի հետ:

Հայերի անուղեղ և անուղղելիորեն ազգայնական զազրելի հատվածը կգաղթի այլ երկրներ, իսկ հայրենասեր` եղբայրասեր թրքամետ հատվածն ու վարչապետի քաղաքական հենարանը կդառնան հզոր և տարածաշրջանային առաջավոր պետության` Թուրքիայի հպարտ քաղաքացիներ:

Թուրքական հզոր տնտեսությունը նրանց կապահովի անսպառ աշխատատեղերով, լիքը փորով և վերանորոգված մզկիթներով, որ նախկինում աղվանական և ուդիական վանքեր են եղել:

Հայերը կվերադառնան այն հնարավորության կետին, որը բաց էին թողել երբ իրենց ժամանակավորապես բնակեցրած տարածքներ եկել էին արաբները: Հայերը կվերադառնան Իսլամի ընդունման շանսին:

Եվ այդ շանսը կօգտագործեն: Կծնվեն Խաչատուր-Մուհամեդ, Անդրանիկ-Իլհամ, Նիկոլ-Հասան, Մխիթար-Ալի, Արտակ-Թաներ, Արմեն-Օզգյուն անուններով հպարտ երեխաներ և հարցը կլուծվի:

Ի՞նչ ապուշությամբ է զբաղված եղել այս ամբողջ հազարամյակում վերջերս տարածաշրջան եկած և ուդիներից հայրենիք խլած հայ ժողովուրդը` դավադրաբար և անշնորհակալ կերպով պայքարելով իր համար մշտապես տնտեսական հնարավորություններ բացել ցանկացած քիրվա թուրք ժողովրդի դեմ:Հիմա այլևս Հայաստանում կա ժողովրդի իշխանություն:

Թուրք ժողովրդի իշխանություն և ամեն բան շուտով իր տեղը կընկնի:Եթե, իհարկե դրան չխանգարեն հակաժողովրդական ազգայինները: Եվ այդ ազգայիններն անպայման խանգարելու են այդ տեսլականին: Ու ոչնչացնելու են այն:

Անպայման ոչնչացնելու են: Առանց կասկածի: Անպայման»: