Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է 9 մլրդ դոլարից. ՀՀ-ն ԱՄՀ-ից պարտք է վերցնում ևս 175 մլն դոլար

Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է 9 մլրդ դոլարից. ՀՀ-ն ԱՄՀ-ից պարտք է վերցնում ևս 175 մլն դոլար

News.am-ը գրում է․ Հայաստանի պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանը. հունվարից հուլիս կառավարությունը ՀՀ պարտքն ավելացրել է 1 մլրդ դոլարով։

Վերջին օրերին Ազգային ժողովում, Սյունիքի ճանապարհներին տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերում ստվերվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք, փորձագետների ահազանգի համաձայն, օրեցօր խորանում են։

Այս պայմաններում ուղղակի անտեսվում են կարևոր տեղեկություններ, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացնումն է։ Մասնավորապես՝ 2021 թվականի օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հայաստանին 175 մլն դոլար վարկ տրամադրելու մասին Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը։ Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 8,973 մլրդ դրամ է։

Նոր խոշոր պարտքեր վերցնելու պատճառն այն է, որ Հայաստանն ամբողջությամբ չի վերականգվել 2020 թվականի տնտեսական ճգնաժամից, և տնտեսությունն աշխուժացնելու լրացուցիչ ներարկումների կարիք ունի։

Աշխարհի բոլոր երկրներն ունեն պետական պարտք․ խնդիրը դա չէ, այլ պարտքի արագ աճի տեմպը և արդյունավետ օգտագործումը։ Մասնավորապես՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում գործող կառավարությունը պետական պարտքը ավելացրել է 1 մլրդ դոլարով կամ 12,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմել է 5,2 տոկոս, համեմատության համար նշենք, որ Վրաստանի տնտեսությունն աճել է 12,3 տոկոս։

Այսինքն՝ այդքան ֆինանսական ներարկումներից հետո էլ Հայաստանի տնտեսության աճը շատ փոքր է․ պետական պարտքի կառավարման արդյունավետությունը խիստ կասկածելի է այս տվյալներով։

Ներկայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3032 ԱՄՆ դոլար պարտք է կուտակել, որն ապագայում մարելու համար չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ։