Հայաստանի գործող և ապագա առաջին տիկնանց ընդհանրությունն ու ֆինանսական միջոցները

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը օրեր անց իր դիրքերը կզիջի Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի կնոջը՝ Նունե Սարգսյանին։

Կարծում ենք՝ Հայաստանի ապագա առաջին տիկինը, ինչպես Ռիտա Սարգսյանն է, ևս կլինի անմիջական ու ժպտադեմ։

Երկու կանանց կապում է ստեղծագործելու հանդեպ սերը. Ռիտա Սարգսյանը երգեր է գրում, իսկ Նունե Սարգսյանը՝ հեքիաթներ։

Ի դեպ, Նունե Սարգսյանի հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում։ Դե իսկ Ռիտա Սարգսյանի երգերին շատերն են ծանոթ. նա է հեղինակել «Մերօրյա հերոսին», «Նամակ մայրիկին» և մի շարք այլ սիրված երգերի երաժշտությունը։

Բացի այդ` մեր երկու առաջին տիկնայք էլ կրում են իրենց ամուսինների Սարգսյան ազգանունը:

Ինչ վերաբերում է նրանց ֆինանսական միջոցներին, ապա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախորդ տարվա փետրվարի դրությամբ հայտարարագրել է 17 մլն 950 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը, որը գոյանում է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից, կազմում է 12 մլն 467 հազար դրամ։

Հայաստանի ապագա առաջին տիկին Նունե Սարգսյանի այս տարվա փետրվարին լրացված հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եվրո, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։

Նյութի աղբյուր՝ wnews.am