Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք

Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք

ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել դեպի իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հայտնում է TACC-ը:

Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց ռազմամեքենաներն ու անձնակազմը տեղավորել են ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։

Տաջիկ զինծառայողներն իրենց հերթին մեկնել են ռուսական մեկ Իլ-76 ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով նաև Ղազախստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող իրենց կուրսանտներին։

Ղրղզստանի խաղաղապահներն իրենց շարասյունով շարժվել են Ալմաթիի ТЭЦ-2-ի տարածքից, որը նրանք հսկում էին իրենց պետության հետ սահմանային հատվածում։ Նրանք պետք է հաղթահարեն մոտ 250 կմ դեպի Ղրղզստանի տարածք։ Շարժակազմի կազմում են նաև Dajiang զրահամեքենաները։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում 100 հայ զինծառայող է ներառված:

2022 թվականի հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուս դեսանտայինների առաջին ստորաբաժանումները երեկ Ղազախստանից վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն չորս Իլ-76ՄԴ ինքնաթիռներով։