Հայաստանից էլի շարունակում են գնալ

Հայաստանից էլի շարունակում են գնալ

168.am-ը գրում է․ Հայաստան եկած քաղաքացիների հոսքն այս տարի ավելացել է։ Ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։ Արձանագրվել է մուտքերի ու ելքերի դրական հաշվեկշիռ։ Բայց դա Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում։

Միգրացիոն հոսքերը Հայաստանից շարունակել են մնալ բացասական։ Այլ կերպ, ավելի շատ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը, քան վերադարձել։

Առայժմ հայտնի են տարեսկզբի 8 ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ երկիրը լքել է 41,8 հազար մարդ. դուրս է եկել 924,2 հազարը, վերադարձել՝ 882,4 հազարը։

Իհարկե, դա տեղի է ունեցել հիմնականում տարեսկզբին, բայց շարունակվել է նաև հետագայում, ինչի հետևանքով միգրացիոն հոսքերի բացասական հաշվեկշիռը խորացել է։

Տարեսկզբի 5 ամիսներին երկրից շուրջ 32 հազարով ավելի շատ Հայաստանի քաղաքացի էր գնացել, քան եկել։ Արդեն 8 ամիսների տվյալներով, այս ցուցանիշը հասել է 41,8 հազարի կամ ավելացել է գրեթե 10 հազարով։

Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հետևանքները, ենթադրվում է, որ այդ քաղաքացիների հիմնական մասը գնացել են ոչ թե Ռուսաստան, այլ ուրիշ երկրներ, առաջին հերթին՝ հավանաբար Միացյալ Նահանգներ։

Հայտնի է, որ հատկապես վերջին 2 տարիներին ԱՄՆ մեկնել ցանկացողների քանակը կտրուկ ավելացել է։ Մարդիկ պատրաստ են մեծ զոհողությունների ու զրկանքների գնով հասնել Միացյալ Նահանգներ։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Ռուսաստան տեղափոխվելու նկատմամբ հետաքրքրությունները, անշուշտ, նվազել են։ Փոխարենը՝ նկատելի է այդ երկրից մարդկանց հարկադրված հոսքը դեպի Հայաստան։

Տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է եկել Ռուսաստանի շուրջ 787 հազար քաղաքացի։ Նրանց մեջ, բնականաբար, քիչ չեն նաև մեր հայրենակիցները, որոնք ժամանակին տեղափոխվել և ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, բայց հիմա, հանգամանքների բերումով, ստիպված են վերադառնալ Հայաստան։ Դա ոչ թե ինքնակամ, այլ հարկադրված ներհոսք է։

Ռուսաստանից մարդկանց տեղափոխման առաջին ալիքը սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից անմիջապես հետո՝ փետրվար-մարտից։ Հետո այն աստիճանաբար թուլացավ և նույնիսկ դադարեց։ Եղավ մի պահ, որ Հայաստանից մեկնող Ռուսաստանի քաղաքացիների թիվն ավելի շատ էր, քան եկողներինը։ Այսինքն՝ նրանք սկսել էին աստիճանաբար վերադառնալ։

Օրինակի համար ասենք, որ օգոստոսին Հայաստան էր եկել Ռուսաստանի 137,5 հազար քաղաքացի, վերադարձել էր գրեթե 167 հազարը։

Մեկնողները 29,5 հազարով ավելի շատ էին։

Պատկերը կրկին փոխվեց սեպտեմբերին։ Ռուսաստանից մարդկանց հոսքի երկրորդ ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը մասնակի զորահավաք հայտարարեց։

Դրանից անմիջապես հետո, զորակոչից խուսափելու նպատակով, բազմաթիվ ռուսաստանցիներ շտապեցին դուրս գալ երկրից։ Նրանց մի մասը, այդ թվում՝ այդ երկրի քաղաքացիություն ունեցող մեր շատ հայրենակիցներ, տեղափոխվեցին Հայաստան։

Սեպտեմբերին թեև ավելի քիչ մարդ է եկել Ռուսաստանից Հայաստան, քան օգոստոսին, այնուհանդերձ, կրկին եկողներն ավելի շատ էին գնացողներից։

Օգոստոսին եկել էր՝ 137,5 հազար, սեպտեմբերին եկավ 132 հազար Ռուսաստանի քաղաքացի։ Բայց անհամեմատ ավելի քիչ գնաց, քան գնացել էր օգոստոսին։

Վերադարձողները սեպտեմբերին 128 հազարն էին։ Չորս հազարով ավելի քիչ, քան այդ ամսին եկել էր։ Դրանով Հայաստանում հանգրվանած Ռուսաստանի քաղաքացիների թիվը շարունակեց ավելանալ։

Ինն ամսում այդ երկրից եկել է շուրջ 787 հազար քաղաքացի։ Հետ է վերադարձել 743 հազարը։

Ստացվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան է տեղափոխվել և ժամանակավոր կամ մշտապես հաստատվել 44 հազար Ռուսաստանի քաղաքացի։ Նրանց մեծ մասը ռուսներն են, բայց կան նաև ռուսական անձնագրերով Հայաստանի նախկին քաղաքացիներ։

Որոշակի դանդաղումով Ռուսաստանից քաղաքացիների ակտիվ հոսքը Հայաստան, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է նաև հոկտեմբերին, գուցե և հետագայում՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ռուս-ուկրաինական հակամարտության գոտում։

Սպասվում է, որ այս փուլում կգան հիմնականում Ռուսաստանի հայազգի քաղաքացիները և հատկապես նրանք, ովքեր կարող են զորակոչվելու հետ կապված խնդիրներ ունենալ։

Ռուսաստանից մարդկային հոսքերի այս ավելացումն էլ հանգեցրել է նրան, որ ունենք Հայաստան քաղաքացիների մուտքի ու ելքի դրական հաշվեկշռիռ։

Այս պահին պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է միայն տարեսկզբի 8 ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ եկել է 2 մլն 44 հազար, գնացել է 2 մլն 31 հազար մարդ։

Եկողները 13 հազարով գերազանցել են գնացողներին։ Սրա մեջ մտնում է նաև Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը, որի պարագայում գնացողներն ավելի շատ են եկել, քան վերադարձողները։ Եթե հանում ենք այդ գործոնի ազդեցությունը մուտքերի ու ելքերի վրա, ապա օտարերկրյա քաղաքացիների մուտքերն անհամեմատ ավելի շատ են եղել, քան ելքերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում