Հայաստանը կատարեց իր ընտրությունը

Հայաստանը կատարեց իր ընտրությունը

Lragir.am-ը գրում է․ Վերջին օրերին հայաստանյան ներքին «բանավեճի» հիմնական թեման Հայաստանի աշխարհքաղաքական վերակողմնորոշումն է, ընտրությունը։ Ռուսանպաստ մեդիա-քաղաքական ագենտուրան գտնում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է կողմնորոշվել դեպի Արեւմուտք, եւ նրա քայլերն ուղղված են Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելուն։

Այդ համատեքստում են դիտարկվում նաեւ Բրյուսելում եռակողմ հանդիպումներն ու քննարկվող հարցերը սահմանազատման, խաղաղ պայմանագրի եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Արեւմուտքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ անորոշ դիրքորոշում ունի, իսկ Ռուսաստանն ընդհանրապես չի դիտարկում կարգավիճակի հարցը։

Ինչպես միշտ, հայաստանյան «բանավեճերը» հանգում են հետեւանքներին, խնամքով շրջանցելով պատճառները։

Տվյալ պարագայում, Ռուսաստան-Արեւմուտք, ռուս թե թուրք «ընտրությունը» չունի քաղաքական որեւէ բովանդակություն նախեւառաջ այն պատճառով, որ Հայաստանի իշխող ու նոմենկլատուրային «ընդդիմադիր» խմբերը վաղուց կատարել են ընտրությունը՝ հավատարմություն ՌԴ պլաններին, այն է՝ ռուս-թուրքական «կարգավորմանը», հրաժարում ազգային-պետական իրավունքներից ու պահանջներից, հրաժարում խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումից, մասնավորապես՝ ներկայիս իրավիճակի պատճառների՝ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի, Արցախի ճանաչման եւ վերամիավորման որոշման իրագործման հարցերի քննարկումներից։

Հայաստանի իշխող ու նոմենկլատուրային «ընդդիմադիր» խմբերը հրաժարվել են հայկական պետության սուբյեկտությունից՝ ռուս-թուրքական ծրագրերին հավատարմությամբ ու խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումից խուսափելով։ ՔՊ-ական խմբակն իր «խաղաղ դարաշրջանով», ռուսանպաստ «ընդդիմադիր» խմբերն իրենց ահռելի մեդիա ռեսուրսով՝ հայկական խնդիրները ռուսական ծիրում պահելու ջանքերով։

Երկուսով՝ նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար առաջացող հնարավորությունները մսխելով, անտեսելով ու քանդելով։

Օբյեկտը չի կարող ընտրություն կատարել․ սկսած աշխարհքաղաքական վերափոխումներից մինչեւ լոկալ հարցեր՝ իրագործվում են օբյեկտների կամ սուբյեկտությունից հրաժարված երկրների ու հանրությունների հաշվին։ Հիմա մենք դրա ականատեսն ենք՝ Հայաստանը վերածվում է կրկնակի թիրախի, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Մոսկվան ինքն է դրել Կովկասից իր հեռանալու հիմքերը Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ 2020-ի արշավով։

Ոգեւորված Հայաստանում ունեցած հաջողությամբ, Մոսկվան շարունակեց արշավն Ուկրաինայում, որի հետեւանքները Մոսկվայի համար արդեն պարզ են դառնում նույնիսկ հայերի ու ռուս «խորքային ժողովրդի» համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում