Հակոբ Ինջիղուլյանի կյանքը՝ ադրբեջանական գերությունից հետո

«Ռադիոլուր»․ Հակոբ Ինջիղուլյանի կյանքը՝ ադրբեջանական գերությունից հետո ։ Հակոբը ռազմագերին է, որը 2013 թվականի օգոստոսի 8-ին տեղանքում չկողմնորոշվելով հատել էր արցախա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։

Մեկ տարի մնալով ադրբեջանական գերության դժոխքում՝ 2014-ի օգոստոսին Ինջիղուլյանը մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխվեց երրորդ երկիր՝ Ռումինիա, եւ հենց նույն տարում էլ վերադարձավ հայրենիք: Ի՞նչ պայմաններում է այսօր ապրում Հակոբ Ինջիղուլյանը, հասցրե՞լ է արդոք իրագործել երազանքները:

Բաքուն ու Կասպից ծովը Հակոբ Ինջիղուլյանը տեսավ արդեն, երբ գերության մեկ տարին թողնում էր հետեւում, իսկ Բաքու մտել էր, կամ ավելի ճիշտ գերի ընկած Հակոբին բերել էին աչքերը կապած։ Բաքվից հեռացավ իր հետ տանելով ծանր ու դաժան հուշեր, որոնք ամեն օր սեւ գծի նման անցնում են աչքի առջեւով, ու կյանքը արեւոտ տեսնելու՝ հույս ու լույս տալիս:

Մարինեի՝ տիկնոջ հետ Հակոբը հանդիպել է գերությունից հետո՝ պատահական, ու սիրահարվել: Այսօր ամուսինները՝ երկու երեխա ունեն՝ 3 տարեկան Գայանեն, 2 տարեկան՝ Գեւորգը, իսկ հոկտեմբերին լույս աշխարհ կգա՝ երրորդ բալիկը:

Անունը դեռ չենք որոշել՝ ուրախ աչքերով պատմում է Հակոբը, որի զրույցը հաճախ ընդհատվում էր երեխաների չարաճճիությունների եւ լացի պատճառով, ու օգնության էր գալիս՝ կինը Մարինեն.

«Ես Հակոբենց կողքի գյուղից եմ՝ Օշականից: Հիշողությունների դեմ պայքարեցինք միասին: Իր հայրենասիրութունը ինձ գրավեց: Գերության մասին, ինչ պետք է գիտեմ, ինչն էլ գաղտնիք է՝ չգիտեմ: Հակոբի լավատեսությունը օգնեց մեզ, միշտ նայում ենք առաջ: Ապրում ենք այս տանը՝ մեկ սենյականոցում, երկու երեխա ունենք, երրորդին՝ սպասում ենք: Հակոբի գերության ժամանակ վարկեր են կուտակվել, որը դժվարացնում է մեր առօրյան: Եթե չլինի, կարծում եմ հեշտ կլինի»:

Հակոբ Ինջիղուլյան

Հիշողությունները հաղթահարված են, բայց ցավը՝ ապաքինված չէ: Հակոբն այսօր աշխատում է ՊՆ, Արարատում վարձով է բնակվում: Շնորհակալ է պետության ցուցաբերած աջակցությունից, բայց սոցիալական դժվարությունները ավելացրել է վարկային բեռը: Ասում է, սիրում եմ հայրենիքս եւ մեկ րոպե անգամ չեմ մտածում Հայաստանից հեռանալու մասին: Ցանկանում եմ ծառայել հայրենիքիս՝ հպարտորեն ասում է Հակոբը, ու կրկին շեշտում, որ գերության տարիներին հույս չուներ, որ կհասնի Ոսկեվազ՝ ծննդավայր: Ի դեպ, երկրից մեկնելու առաջարկ Հակոբն ստացել է բարեկեցիկ Ֆինլանդիայից:

«Եթե ես ցանկություն չունենայի գալու՝ ավելի լավ կյանքս կդասավորեի: Իմ խղճի դեմ պատասխան տալու համար վերադարձել եմ Հայաստան: Հիմա մեր երկրում ոնց կմատածեն իմ գերության եւ վերադարձի մասին, իրենց գործն է: Կարեւորը Հայաստանի իշխանություններն են, որոնց ես շատ հարգում եւ սիրում եմ, ինձ վստահում են:

Հետո էլ, մեր զինվորները, երբ ձերբակալեցին ադրբեջանցի դիվերսանտներ, իրենցից մեկի մոտ եղած տեսախցիկի մեջ կար իմ հարցազրույցը, որը ամբողջությամբ ապացուցում է իմ անմեղությունը: Աստվածն էր իմ կողքին կանգնած՝ սկզբից մինչեւ վերջ, որ արկի վրա չեմ կանգնել, շատ բաներ կան: Ես Աստծո մարդ եմ»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։