Հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել և կրել են կորուստներ. Էդվարդ Ասրյան

Հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել և կրել են կորուստներ. Էդվարդ Ասրյան

Սեպտեմբերի 16-ից անցել է շուրջ 1,5 ամիս, եւ նկարագրել ամբողջ 1,5 ամսվա զինված ուժերի գործունեությունը, կտեւի 3-4 ժամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ եղավ ադրբեջանական խմբի ճակատագիրը, որը, ըստ ԳՇ պետի գտնվում էին ՀՀ տարածքում, շրջափակման մեջ:

«Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր:

Մենք ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ առաջնագիծ, որովհետեւ գործողության արդյունքում առաջանում են եւ հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում, եւ մեր ստորաբաժանումները, որոնք գտնվում են համապատասխան ուղղություններում հակառակորդի շփման գծից առաջ, եւ դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել եւ կրել են կորուստներ»,-ասաց Ասրյանը:

Հարցին, թե ինչու հայկական կողմը չի գերեվարել այդ խմբին, Ասրյանը պատասխանեց. «Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ, եւ մեր զինծառայողների կյանքին վտանգ պատճառել: Մենք դրան չենք գնացել: Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը:

Ես սեպտեմբերի 16-ից հետո եւս երկու անգամ այցելել եմ Ջերմուկի ուղղություն: Այնտեղ ամեն ինչ համակարգված է, եւ իրադրությունը հարաբերական կայուն է»:

Հարցին, թե առաջվա պես գհակառակորդի դիրքերը 4,5 կմ հեռավորության վրա են, ԳՇ պետն ասաց. «Ընդհանուր հեռավորությունը փոխաբերական իմաստ ունի, որովհետեւ 4,5 կմ Ջերմուկն ունի գծագրում ձորով երկարաձգված, եւ այդ 4,5 կմ-ն նշվում է հենց Ջերմուկի հյուսիս-արեւելյան վերջնամասից: Եթե Ջերմուկի կենտրոնից եք հաշվում, ապա դա մոտ 5,5-6 կմ հեռավորության վրա է»: