«Կրեմլի վերջին դեսանտը այս հանձնարարությունով է իջնում Արցախ ու Հայաստան». Վահե Գասպարյան

«Կրեմլի վերջին դեսանտը այս հանձնարարությունով է իջնում Արցախ ու Հայաստան». Վահե Գասպարյան

Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ նախորդ գրառումներից մեկում, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի նախաձեռնությունը, ասել եմ, որ Կրեմլը Րաֆֆու շուրթերով մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլին (մինչև սեպտեմբերի 1-ը) խելքը գլուխը հավաքելու և վերջին զիջումները կատարելու համար` Զանգեզուրի միջանցք և ներկա սահմանների ճանաչմամբ խաղաղության պայմանագիր (այն ինչ մեր տխրահռչակ նախկին նախագահը կոչում էր “Չորրորդ Հանրապետություն”)։

Աշխարհաքաղաքական իր համար խիստ անբարենպաստ զարգացումները ստիպում են Կրեմլին շտապել, քանզի ժամանակը իր օգտին չի աշխատում։

Այդ վերջին և Ռուսաստանի համար կարևորագույն զիջունների դիմաց Կրեմլը պատրաստ կլինի Նիկոլին дабро տալ շարունակելու իր “պատմական առաքելությունը” Հայաստանի, կամ ավելի ճիշտ Էրիվանի գուբերնիայում, այլապես…

Եվ ահա այդ մեկ ամիսը լրացավ ու կարծես Կրեմլի համբերության բաժակը լցվել է և այն արդեն անցնում է վերջնական և վճռական քայլերի։

Ի՞նչ է հարկավոր Ռուսաստանին։

Ռուսաստանի կայսրության համար կենսական, ես կասեի գոյաբանական նշանակություն ունի Մոսկովյան պայմանագրով ձևավորված ստատուս քվոյի պահպանումը Հարավային Կովկասում իսկ դա նշանակում է երեք նախապայման`

1. Հայաստանի սուբյեկտության բացակայություն և Արցախի հարցի վերջնական փակում;

2. Հայաստանում և Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայություն;

3. Ցամաքային կապ Թուրքիայի հետ Ռուսաստանի կողմից դրա լիարժեք վերահսկողությամբ։

Ինչպե՞ս դա անել։

Դրան հասնելու համար հարկավոր է երկու նախապայման`

1. Հայաստանում և Արցախում ունենալ լրիվ ենթակա իշխանիկներ (գուբերնատորներ), որոնք քիչ թե շատ ընկալելի կլինեն հայ ժողովրդի համար;

2. Արցախում ունենալ զորք, որը “մեծահոգաբար” պաշտպանում է արցախահայության (Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունը կազմող և արևմտյան Ադրբեջանում բնակվող հայերի) գոյատևման, կրթական, կրոնական, մշակութային և այլ իրավունքները։

ՉԻ բացառվում, որ Հայաստանը ի վերջո միանա Ռուսաստանին, ունենալով Թաթարստանի բաղձալի կարգավիճակը իսկ Արցախի, կներեք արևմտյան Ադրբեջանի հայ բնակչությունը ստանա ռուսական անձնագրեր և թոշակներ։

Կրեմլի վերջին ԴԵՍԱՆՏԸ ի դեմս ԹԱԹԱՐ Ռուբոյի և ԺԻԼԵՏ Կարենի հենց այդ հստակ հանձնարարությունով է իջնում Արցախ ու Հայաստան։

Ի՞նչ կլինի և ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները ցույց կտա ժամանակը։

Կկարողանա արդյո՞ք հայ ժողովուրդը ըմբոստանալ։

Չեմ կարծում, քանի որ 2016, 2018, 2020, 2021 և 2022 թվականների դեպքերն ու զարգացումները (Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներ, “թավշյա տեղաթոխություն”, արտահերթ ընտրություններ, Խծաբերդ, Փարուխ, Բերձոր, Աղավնո…) ցույց տվեցին, որ Հայաստանում ցավոք սրտի չկա բավարար չափով (քանակով և որակով) գիտակից զանգված և ազգային քաղաքական էլիտա։

Կան անհատներ և նրանց սատարող շատ փոքրաթիվ զանգված, որի ձայնը լսելի և ընկալելի չէ ժողովրդի գերակշիռ մասի համար։

Սակայն ես կարծում եմ կամ գոնե հույս ունեմ, որ ինչպես ընդունված է ասել “շաբաթը ուրբաթից շուտ կգա” և մեր փրկությունը դրսից կգա…

Կապրենք կտեսնենք»։