Մամուլ

Կրակոց և վիճաբանություն Նոր Խարբերդում «Զոնալ» խանութի մոտ

Shamshyan.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր-Խարբերդի «Զոնալ» խանութի մոտ կրակոց է հնչել, կրակել են ավտոմեքենայի վրա, հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նոյեմբերի 12-ին` ժամը 22։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի բնակիչներ 21-ամյա Ալեն Ք․-ն իր ընկերոջ՝ 21-ամյա Աշոտ Ն․-ի հետ Ալեն Ք․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասում, դեռևս չպարզված մի քանի մեքենաներ խոչընդոտել են վերջինիս ընթացքը, որի ընթացքում նշված ավտոմեքենաներից մեկից, որը եղել է «Mercedes» մակնիշի, մի տղամարդ իջել և մոտեցել է Ալեն Ք․-ի ավտոմեքենային, ինչից վախենալով վերջինս մեքենան վարել է հակառակ ուղղությամբ և նույն պահին լսվել է կրակոցի նմանվող ձայն, որից հետո նկատել է, որ մեքենայի աջ թափարգելի վրա առկա են վնասված հետքեր:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի իրական հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում