Կրակոցներ Շենգավիթ վարչական շրջանում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Կրակոցներ Շենգավիթ վարչական շրջանում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում ժամը 22։00-22։20-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Նշված փողոցի 44 շենքի մոտ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։Նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները սահմանազատել են տարածքը, որտեղ աշխատում են ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագետները։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում կա տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախնական որոշ տեղեկությունների ոստիկաններն արդեն տիրապետում են, նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։