Կրակոցներ Էջմիածին քաղաքում. «յաշիկի» վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ Էջմիածին քաղաքում. «յաշիկի» վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից 2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: