Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. ամուսիններից մեկը տեղում մահացել է, մյուսը վիրավոր է

Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. ամուսիններից մեկը տեղում մահացել է, մյուսը վիրավոր է

Shamshyan.com-ի փոխանցմամ՝ այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ-ն։ Վերջիններս ամուսիններ են։