Կրակոցներ Երևանի կենտրոնում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Կրակոցներ Երևանի կենտրոնում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել:

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:

կրակոցներ Վանաձոր

Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց են միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ մի քանի քննիչներով, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն:

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործություան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում:

Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են: