Մամուլ

Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակում օդ։ 

Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացնում է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։ 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում